ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին հայտարարել է, որ իր հայրը կարող է հրաժարվել Ուկրաինայում խաղաղության գործընթացից՝ նշելով, որ այդ հարցը առաջնահերթ չէ ամերիկացիների համար, և հասկացնելով, որ Եվրոպային ավելի լավ ծրագիր է պետք, հայտնում է Sky News-ը։

2025 թվականին Դոհայի ֆորումում Sky News-ի համաշխարհային լուրերի ծրագրի վարող Յալդա Հակիմի հետ քննարկման ընթացքում Դոնալդ Թրամփ կրտսերը անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ ամբողջ աշխարհում ԱՄՆ վարչակազմի վերջին դիվանագիտական ջանքերին։

Նա հանդես է եկել որպես բիզնես-առաջնորդ՝ շարադրելով պաշտպանական տեխնոլոգիաներում և արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում «Ամերիկան՝ նախ և առաջ» ներդրումային իր ծրագիրը՝ ուղիղ կապ անցկացնելով գլոբալ կայունության և տնտեսական բարգավաճման միջև։

Երբ նրան ուղիղ հարցրել են, թե արդյոք հավատում է, որ ԱՄՆ նախագահը կհրաժարվի Ուկրաինային աջակցելուց, նա պատասխանել է. «Կարծում եմ՝ կարող է։ Իմ հոր լավ և բացառիկ կողմն այն է, որ դուք չգիտեք, թե նա ինչ է պատրաստվում անել։ Նա անկանխատեսելի է»։

Վերջին ամիսներին Թրամփը վերսկսել է Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագիր կնքելու ջանքերը։

Թեև նա ասել է, թե չի հավատում, որ Ուկրաինան «լքված» կլինի, նա նշել է. «Ամերիկյան հանրությունը ցանկություն չունի [անվերջ պատերազմների և Ուկրաինայի ռազմական ջանքերի հետագա ֆինանսավորման]»։

Անվանելով Ուկրաինան «Ռուսաստանից շատ ավելի կոռումպացված երկիր»՝ նա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն բնութագրել է որպես «բոլոր ժամանակների մեծագույն մարքեթոլոգներից մեկը», որը, ըստ նրա, դարձել է «գրեթե աստվածություն՝ հատկապես ձախերի համար»։