Սպիտակ տուն «հերթական կատաղի Բայդենի» գալը կարող է ոչնչացնել ամերիկյան ներկայիս վարչակազմի պրագմատիզմի բոլոր ծիլերը։ Այս մասին Max մեսենջերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հայտնում է ТАСС-ը։
«Սպիտակ տուն հերթական կատաղի Բայդենի գալը արագորեն արմատախիլ կանի MAGA-ի (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանրայնացրած «Ամերիկան դարձնենք կրկին մեծ» կարգախոսը - ТАСС) ներկայիս թիմի գերտերական պրագմատիզմի բոլոր ծիլերը»,- նշել է Մեդվեդևը՝ խոսելով ԱՄՆ ազգային անվտանգության թարմացված ռազմավարության մասին։
Մեդվեդևը նաև մատնանշել է, որ թարմացված ռազմավարությունն ԱՄՆ-ի ազդանշանն է առ այն, որ պատրաստ է քննարկել անվտանգության ճարտարապետությունը։ Անվտանգության խորհրդի փոխնախագահն ուշադրություն է հրավիրել, որ ամերիկյան փաստաթղթում երկար տարիների ընթացքում առաջին անգամ Ռուսաստանը նշվում է ոչ թե որպես «սպառնալիք», այլ որպես կայունության շուրջ երկխոսության մասնակից։
Նա նաև հավելել է, որ ամերիկյան և եվրոպական էլիտաների ներսում տարաձայնությունները «շարունակում են բորբոքվել», իսկ Ռուսաստանն իր հերթին կնայի ոչ թե «գեղեցիկ խոսքերին», այլ կոնկրետ քայլերին։
«Պատրա՞ստ են արդյոք ԱՄՆ-ն և ԵՄ-ն մեզ հետ քննարկել անվտանգությունն առանց վերջնագրերի»,- ամփոփել է Մեդվեդևը։