Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սպառնացել է Չինաստանին սակագներ սահմանել, եթե Պեկինը քայլեր չձեռնարկի ԵՄ-ի հետ առևտրային հաշվեկշռի իր հսկայական հավելուրդը կրճատելու ուղղությամբ։

«Ես նրանց ասացի, որ եթե չարձագանքեն, մենք՝ եվրոպացիներս, ստիպված կլինենք վճռական միջոցներ ձեռնարկել առաջիկա ամիսներին»,- ասել է Մակրոնը Les Echos գործարար թերթին տված հարցազրույցում Չինաստանից վերադառնալուց հետո, ուր մեկնել էր պետական այցով։

Ըստ նրա, այդ միջոցները կարող են հիմնվել Միացյալ Նահանգների ձեռնարկած քայլերի վրա, «ինչպիսիք են, օրինակ, չինական ապրանքների համար սահմանված սակագները»։

ԵՄ առևտրային հաշվեկշռի պակասուրդը Չինաստանի հետ, որն աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունն է ԱՄՆ-ից հետո, 2024 թվականին գերազանցել է 300 միլիարդ եվրոն (350 միլիարդ դոլար), հայտնում է Les Echos-ը։ Եվրամիության 27 անդամները չեն կարողանում ինքնուրույն որոշել առևտրային քաղաքականությունը, ներառյալ սակագները. դրա փոխարեն նրանց շահերը ներկայացնում է Եվրահանձնաժողովը։

Մակրոնը, որի երկիրը ԵՄ երկրորդ խոշորագույն տնտեսությունն է Գերմանիայից հետո, խոստովանել է, որ դաշինքի մասշտաբով Չինաստանի նկատմամբ սակագների հարցում փոխհամաձայնության հասնելը հեշտ չի եղել։ Ըստ նրա, Չինաստանում մեծ ներկայություն ունեցող Գերմանիան «դեռ լիովին համաձայն չէ մեր դիրքորոշման հետ»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն այս տարի 57 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել չինական ապրանքների նկատմամբ, թեև հոկտեմբերին երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնագրի շրջանակում դրանք նվազեցվել են մինչև 47 տոկոս։

«Չինաստանը ցանկանում է թափանցել եվրոպական արդյունաբերական և նորարարական մոդելի հենց սիրտը, որը պատմականորեն հիմնված է եղել հաստոցաշինության և մեքենաշինության վրա»,- ասել է Մակրոնը։

Ըստ Մակրոնի, ԱՄՆ-ի պրոտեկցիոնիզմը սրել է ԵՄ-ի խնդիրը, քանի որ Չինաստանը սկզբնապես Ամերիկայի համար նախատեսված ապրանքները «զանգվածաբար» վերաուղղորդում է դեպի Եվրոպա։

«Այսօր մենք ծանր վիճակում ենք հայտնվել,- ասել է Մակրոնը։- Սա եվրոպական արդյունաբերության համար կենաց-մահու հարց է»։

Չինաստան կատարած այցի ժամանակ Մակրոնը հայտարարել է, որ առևտրային պակասուրդի կրճատմանն ուղղված ջանքերի շրջանակում ԵՄ-ն պետք է ավելի շատ ուղղակի չինական ներդրումներ ընդունի։

«Մենք չենք կարող անընդհատ զբաղվել ներմուծմամբ, չինական ընկերությունները պետք է գան Եվրոպա»,- ասել է նա Les Echos-ին տված հարցազրույցում՝ սակայն հավելելով, որ չպետք է թույլ տալ, որ չինական ձեռնարկությունները գործեն «գերիշխանական նպատակներ ունեցող գիշատիչների» պես։ Նա կոչ է արել ԵՄ-ին համադրել իր առավել խոցելի ոլորտների, օրինակ՝ ավտոարդյունաբերության պաշտպանությունը մրցունակության բարձրացման հետ։