ԱՄՆ-ն, Իսրայելը և Քաթարը կիրակի օրը եռակողմ հանդիպում են անցկացրել Նյու Յորքում՝ Դոհային հասցված իսրայելական անհաջող հարվածից հետո հարաբերությունները վերականգնելու նպատակով։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով մանրամասներին ծանոթ երկու աղբյուրի։
Սա երկրների միջև բարձր մակարդակի հանդիպում է Գազայում պատերազմի դադարեցման մասին համաձայնագրի կնքումից հետոր, որի առանցքային միջնորդը Քաթարն էր։
Այն տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Թրամփի վարչակազմը պատրաստվում է հայտարարել, որ Գազայում խաղաղ գործընթացը թևակոխում է նոր փուլ։
Հանդիպումն անցկացնում է Սպիտակ տան ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։ Ըստ իրավիճակին ծանոթ երկու աղբյուրի, Իսրայելը ներկայացնում է «Մոսադ»-ի ղեկավար Դեյվիդ Բարնեան, մասնակցում է նաև քաթարցի բարձրաստիճան պաշտոնյա։ Սեպտեմբերի 9-ին իսրայելական ինքնաթիռները աննախադեպ հարված էին հասցրել Դոհայում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդներին։ ՀԱՄԱՍ-ի բարձրագույն ղեկավարությունը ողջ էր մնացել, սակայն սպանվել էր քաթարցի անվտանգության աշխատակիցը։ Ի պատասխան՝ Քաթարը հրաժարվել էր Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև միջնորդի դերից, իսկ արաբական երկրները հավաքականորեն դատապարտել էին վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությանը և դրդել Թրամփի վարչակազմին ստիպել Իսրայելին դադարեցնել պատերազմը։
Ավելի ուշ՝ նույն ամսվա ընթացքում, Նեթանյահուն Թրամփի պնդմամբ Սպիտակ տնից զանգահարել էր Քաթարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդուլռահման Ալ Թանիին՝ հասցված հարվածի համար ներողություն խնդրելու նպատակով։ Քաթարցիները վերականգնել էին իրենց միջնորդական դերը, սակայն Իսրայելի և Քաթարի՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի երկու կարևորագույն գործընկերների հարաբերությունները մնացել էին լարված։
Ճգնաժամը հաղթահարելու փորձի շրջանակում ԱՄՆ-ն առաջարկել է եռակողմ մեխանիզմ՝ «կոորդինացիան ուժեղացնելու, հաղորդակցությունը բարելավելու, փոխադարձ պահանջները լուծելու և սպառնալիքների կանխմանն ուղղված հավաքական ջանքերն ակտիվացնելու համար»։
Կիրակնօրյա հանդիպումն առաջին դեպքն է, երբ երեք երկրները հավաքվում են այս մեխանիզմի շրջանակում։ Ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր, որ դրա շրջանակում մտադիր է բողոք ներկայացնել «Մուսուլման եղբայրներ»-ին Քաթարի աջակցության, Al Jazeera հեռուստաալիքի (որը ֆինանսավորում է Քաթարը) հաղորդումներում Իսրայելի նկատմամբ թշնամական վերաբերմունքի և ԱՄՆ համալսարանական ավաններում հակաիսրայելական տրամադրություններին Քաթարի ենթադրյալ աջակցության վերաբերյալ։
Այնուամենայնիվ, միանգամայն հավանական է, որ եռակողմ հանդիպումը մեծապես նվիրված կլինի Գազայի վերաբերյալ խաղաղ համաձայնագրի կատարմանը, մասնավորապես՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափմանը և համաձայնագրի երկրորդ փուլին անցնելու այլ զգայուն հարցերին։
Ինչպես ընդգծում է լրատվամիջոցը, ինտրիգն այն է, որ Նեթանյահուի և Քաթարի կառավարությունների միջև կապերը տարիների ընթացքում պայթյունավտանգ քաղաքական խնդիր են դարձել Իսրայելում։
Նեթանյահուն պահանջել էր, որ Քաթարը 2018-ից 2023 թվականներին վճարումներ կատարի ՀԱՄԱՍ-ին, որոնք կօգտագործվեն Գազայի կառավարման համար, սակայն այդ վճարումները նաև օգնել էին ֆինանսավորել խմբավորման ռազմական հզորության ավելացումը և տարաձայնությունների լուրջ աղբյուր դարձել հոկտեմբերի 7-ի ահաբեկչություններից հետո։
Միևնույն ժամանակ, Նեթանյահուի ամենամերձավոր խորհրդականներից մի քանիսի նկատմամբ հետաքննություն է ընթանում։ Նրանք մեղադրվում են Քաթարից գումար ստանալու մեջ՝ Իսրայելում և միջազգային հարթակում Պարսից ծոցի պետության իմիջն ամրապնդելու համար, այդ թվում՝ պատերազմի ժամանակ։