Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը Չինաստան կատարելիք իր այցի նախաշեմին՝ այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կոչ է արել Պեկինին օգտագործել Ռուսաստանի վրա ունեցած իր ազդեցությունը՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։

«Ուկրաինայի դեմ ռուսաստանյան ագրեսիվ պատերազմը, որը սպառնում է Եվրոպայում մեր անվտանգության կարևորագույն շահերին, ցույց է տալիս, թե որքան սերտ են փոխկապակցված անվտանգությունը, բարգավաճումն ու ազատությունը Ասիայում և Եվրոպայում։ Հրադադարի հասնելուն ուղղված դիվանագիտական ջանքերն ամբողջ թափով են ընթանում։

Իմ ելույթներում ես կկրկնեմ, որ ոչ մի այլ երկիր Ռուսաստանի վրա չունի այնպիսի ազդեցություն, ինչպիսին Չինաստանը, և չի կարող իր կշիռն օգտագործել այն աստիճան, որ Ռուսաստանին ի վերջո մղի Ուկրաինայի ինքնիշխանությունը հարգող լուրջ բանակցությունների պատրաստակամության։ Մեր շահերից է բխում, որ Չինաստանը նպաստի Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հասնելուն»,- ասված է Վադեֆուլի ուղերձում։

Ըստ Գերմանիայի ԱԳ նախարարի, միջազգային աճող լարվածության և աշխարհաքաղաքական ցնցումների շրջանում Չինաստանի հետ տեղեկատվության ուղիղ, ինտենսիվ փոխանակումն անհրաժեշտ է, նույնիսկ՝ անփոխարինելի։

«Մենք պետք է և ցանկանում ենք մշտապես կառուցողականորեն փնտրել Չինաստանի հետ միջազգային հրատապ խնդիրների համատեղ լուծման ուղիներ»,- ընդգծել է նա։