Նոյեմբերի 22-ին Մյունխենում Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի մոտ 4 ժամ տեւած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են լրագրողների հետ, որի ժամանակ հիմնական հարցը եղել է համանախագահների գնահատականը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությանը` բանակցություններում առաջընթաց չարձանագրելու դեպքում խնդիրը ռազմական ճանապարհով կարգավորելու մասին:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն այս կապակցությամբ ասել . «Պատերազմը ոչ մի դեպքում չի կարող այլընտրանք լինել: Մենք ասել ենք նախագահներին շատ ուժեղ եւ հստակ կերպով, որ Մոսկվայում, Փարիզում եւ Վաշինգտոնում մեր կառավարությունները այն կարծիքին են, որ պատերազմը այլընտրանք չէ, քանի որ այն չի կարող լուծում ապահովել»:
Հարցի շուրջ մեկնաբանությամբ է հանդես եկել նաեւ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, ով ասել է, թե այս կամ այն հայտարարությունը կարող է պայմանավորված լինել ներքաղաքական կյանքի հանգամանքներով: «Մենք ասել ենք նախագահներին, որ բանակցությունների այս նուրբ պահին ավելի լավ է ձեռնպահ մնալ միմյանց հանդեպ ծայրահեղ մեղադրանքներ հնչեցնելուց, առավել եւս` ուժային լուծման հնարավորության մասին», — հայտարարել է Յուրի Մերզլյակովը` հույս հայտնելով, որ կողմերը հաշվի կառնեն համանախագահող երկրների այս դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում թվով վեցերորդ հանդիպման ժամանակ երկու նախագահները անցկացրել են համանախագահների առաջարկած ամենակարեւոր եւ չլուծված կետերի մանրամասն քննարկումներ։ Ավելի քան 4 ժամ տեւած բանակցությունները կառուցողական են եղել։ Մի շարք հարցերում առաջընթաց է գրանցվել։ Միաժամանակ, շատ հարցեր դեռեւս մնում են չլուծված։ Նախագահներն իրենց երկրների արտգործնախարարներին հանձնարարել են այդ հարցերի առնչությամբ շարունակել աշխատել համանախագահների հետ։ Հաջորդ քայլը կլինի ԵԱՀԿ նախարարների խորհրդին նախորդող՝ երկու երկրների արտգործնախարարների աշխատանքային հանդիպումը Աթենքում, որը տեղի կունենա դեկտեմբերի 1-2-ը:




























