Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության բյուջեից սուբսիդիաներ տրամադրելուն՝ արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի շրջանակներում երկու նոր նախագծեր իրականացնելու համար։

Նախագծերից մեկն իրականացվում է ռուսական «Բեշթաու Էլեկտրոնիքս» ընկերության կողմից՝ բելառուսական «Ներո Էլեկտրոնիքս» ՍՊԸ-ի և ղրղզական «Կիրգիզէլեկտրոնիկա» ՍՊԸ-ի հետ համատեղ կերպով և ուղղված է անհատական համակարգիչների համակարգային բլոկների արտադրությանը։

Երկրորդ նախագծի շրջանակներում, համագործակցելով հայկական «Մետալստրոյ» ՍՊԸ-ի և բելառուսական «Ռուխսերվոմոտոր» ՍՊԸ-ի գործընկերների հետ, «Վոյաժ» ԳԱՄ-ը Ռուսաստանի Դաշնության տարածքում կգործարկի երկաթուղային տրանսպորտի բաղադրիչների, ներառյալ արագընթաց գնացքների համար նախատեսված բաղադրիչների բարձր տեխնոլոգիական արտադրություն։

Երկու նախագծերն էլ լիովին համապատասխանում են համագործակցային նախագծերի ընտրության կանոնակարգով սահմանված անհրաժեշտ չափանիշներին։