Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, La Repubblica-ի հետ զրույցում արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, ըստ որի՝ եկել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու ժամանակը։
Պարիոլի թաղամասում գտնվող իր հյուրանոցից դուրս գալով, որտեղ նա, Հռոմ կատարած այցի ժամանակ սովորականի պես հանգրվանում է, Ուկրաինայի նախագահը պատասխանել է այդ խնդրի վերաբերյալ կոնկրետ հարցին։
«Ես միշտ պատրաստ եմ դրան»,- ասել է նա։
Անդրադառնալով Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ իր երկկողմ հանդիպման թեմային՝ Զելենսկին հավելել է. «Ես վստահում եմ նրան. նա մեզ կօգնի»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Politico-ին տված հարցազրույցում պաշտպանել էր Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու գաղափարը։ Politico-ի հարցին պատասխանելով՝ Թրամփը նշել է. «Ըստ իս՝ ժամանակը եկել է։ Կարծում եմ՝ կարևոր ժամանակ է ընտրություններ անցկացնելու համար։ Նրանք պատերազմն օգտագործում են ընտրություններից խուսափելու համար, բայց կարծում եմ՝ ուկրաինացի ժողովուրդը պետք է ընտրության հնարավորություն ունենա։ Եվ գուցե Զելենսկին հաղթի»։
Թրամփը նշել է, որ Ուկրաինայում «երկար ժամանակ» նախագահական ընտրություններ չեն անցկացվել։ «Գիտեք, նրանք խոսում են ժողովրդավարության մասին, բայց դա հասնում է այն կետին, երբ դա այլևս ժողովրդավարություն չէ»,- հավելել է ԱՄՆ նախագահը։
Ըստ Ուկրաինայի օրենսդրության՝ ռազմական դրության ժամանակ ընտրություններն, այդ թվում՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունները, կասեցվում են։ Ռազմական դրությունը Ուկրաինայում հայտարարվել է 2022 թվականի փետրվարին՝ ռուսական ներխուժումից հետո։ Այն պարբերաբար երկարաձգվում է։





























