Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումների կապակցությամբ ԼՂՀ ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«ԼՂՀ դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մնում է անփոփոխ: Անհնար է հասնել հակամարտության կարգավորմանը` անտեսելով առկա իրողությունները: ԼՂՀ-ն անցյալ վերադարձնելու ցանկացած փորձ ոչ միայն անարդյունավետ է, այլեւ հղի է հակամարտության նոր սրացումով: Բանակցություններում իրական առաջընթացի հնարավոր է հասնել միայն բանակցային գործընթացի բոլոր փուլերին ղարաբաղյան կողմի լիարժեք մասնակցությամբ: Ցանկացած համաձայնություն, որը շոշափում է ԼՂՀ շահերը, ճակատագիրը եւ ապագան, չի կարող ընդունվել առանց այդ երկրի ժողովրդի եւ նրա ճակատագրի համար անմիջական պատասխանատվություն կրող ղեկավարության մասնակցության:

Հույս ունենք, որ խաղաղ կարգավորման մեջ շահագրգիռ դերակատարները թույլ չեն տա տարածաշրջանի ստատուս քվոյի խախտումը` որպես հետեւանք կարգավորման ներկայիս բանաձեւի հիման վրա բանակցային գործընթացի արագացման:

Ելնելով վերոնշյալից` գտնում ենք, որ անհրաժեշտ է խեղաթյուրված ու աղավաղված բանակցային գործընթացի վերաբեռնավորում, որպես բանակցային գործընթացի լիիրավ կողմ՝ ԼՂՀ վերադարձ բանակցությունների սեղանի շուրջ եւ կարգավորման հիմնարար սկզբունքների փոխակերպում»: