Ոստիկանության հիմնազուրկ բացատրություններն արդեն իսկ վկայում են, որ Հայկ Գեւորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է: Այդ մասին ասված է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ:

«Իրականում նա ազատությունից զրկվել է բացառապես իր մասնագիտական գործունեության, այն է` իշխանությունների կատարած ապօրինությունները բացահայտելու եւ հանրության սեփականությունը դարձնելու պատճառով:

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի վարչախումբը հերթական մարտահրավերն է նետել Հայաստանում խոսքի ազատությանը: Գիտակցելով սպասվող քաղաքական, հասարակական ակտիվ գործընթացների վտանգավոր բնույթն իր համար, ինչպես նաեւ առաջիկա ընտրություններում իշխող կուսակցության անխուսափելի պարտությունը` վարչախումբն արդեն իսկ լծվել է իր հակաժողովրդավար բնույթը մերկացնող քաղաքացիների, լրագրողների չեզոքացման օպերացիայի իրականացմանը: Մենք կոչ ենք անում Հայաստանի եւ միջազգային լրագրողական շրջանակներին` իրենց համախմբված բողոքը արտահայտել Հայկ Գեւորգյանի կալանավորման կապակցությամբ եւ պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան»,- ասված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ:

Նշենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը կալանավորվել է երեկ` փետրվարի 3-ին: