Գիտնականները հայտնաբերել են սպիտակ արջերի ԴՆԹ փոփոխություններ, որոնք կարող են օգնել կենդանիներին հարմարվել տաքացող կլիմային։ Հետազոտությունն առաջինն է, որ վիճակագրորեն նշանակալի կապ է հայտնաբերվել ջերմաստիճանի բարձրացման եւ վայրի կաթնասունի ԴՆԹ փոփոխությունների միջեւ։
«Mobile DNA» ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները կարծում են, որ այս փոփոխությունները կարող են օգնել հասկանալ, թե որ սպիտակ արջերի պոպուլյացիաներն են առավել շատ ռիսկի ենթարկվում եւ կարող են կարեւոր դեր խաղալ պահպանման ռազմավարությունների մշակման գործում։
Գլոբալ տաքացումը լուրջ սպառնալիք է ներկայացնում սպիտակ արջերի գոյատեւման համար։ Մասնագետների կարծիքով՝ մինչեւ 2050թ․ սպիտակ արջերի համաշխարհային պոպուլյացիայի մինչեւ երկու երրորդը կարող է անհետանալ Արկտիկայում սառույցներիի հալման եւ ջերմաստիճանի բարձրացման պատճառով։
Այժմ Արեւելյան Անգլիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ ջերմային սթրեսի, նյութափոխանակության եւ ծերացման հետ կապված որոշակի գեներ տարբեր կերպ են ընթանում Գրենլանդիայի հարավ-արեւելքում ապրող սպիտակ արջերի, քան ավելի ցուրտ շրջաններում ապրող նրանց ազգականների պարագայում։ Սա կարող է վկայել ավելի տաք շրջակա միջավայրի պայմաններին գենետիկ հարմարվողականության մասին։
Հետազոտողները վերլուծել են Գրենլանդիայի երկու շրջաններից վերցված արջերի արյան նմուշները՝ հատուկ ուշադրություն դարձնելով այսպես կոչված «ցատկող գեներին»՝ գենոմի փոքր, շարժական հատվածներին, որոնք կարող են ազդել այլ գեների ակտիվության վրա։ Գիտնականները համեմատել են ԴՆԹ այս շրջանների ակտիվությունը տեղի ջերմաստիճանի տվյալների եւ գեների արտահայտման փոփոխությունների հետ։
Ըստ հետազոտության ղեկավար Էլիս Գոդենի՝ արջերի գեների ակտիվության եւ կլիմայական պայմանների համեմատությունը ցույց է տվել, որ ջերմաստիճանի բարձրացումը կապված է հարավարեւելյան Գրենլանդիայի պոպուլյացիայի «ցատկող գեների» ակտիվության կտրուկ աճի հետ։
Քանի որ կլիման եւ սննդի մատչելիությունը փոխվում են բնակավայրերի կորստի եւ որսի կազմի փոփոխության պատճառով, սպիտակ արջերի գենետիկան նույնպես սկսում է վերակառուցվել։ Ամենակարեւոր փոփոխությունները գրանցվել են ամենատաք շրջաններում ապրող կենդանիների մոտ, մինչդեռ հյուսիսային պոպուլյացիաները ցույց են տվել գենետիկական տեղաշարժերի ավելի փոքր աստիճան։
Հատկապես հետաքրքիր էին ԴՆԹ շրջանների փոփոխությունները, որոնք կապված են ճարպի վերամշակման հետ։ Ավելի տաք շրջաններում արջերը ստիպված են եղել անցնել ցածր կալորիականությամբ՝ մասամբ բուսական սննդակարգի, ի տարբերություն հյուսիսային պոպուլյացիաների, որոնք հիմնականում սնվում են փոկերով։ Տվյալները ցույց են տալիս, որ հարավարեւելյան արջերի գենոմն արդեն սկսել է հարմարվել նոր պայմաններին։
Գոդենի խոսքով՝ սա կարող է լինել «գոյատեւման հուսահատ մեխանիզմ»՝ սեփական գենետիկական ծրագիրն արագ վերաշարադրելու տեսակի փորձ՝ ի պատասխան արագ հալվող սառույցի եւ անկայուն կլիմայի։




























