Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձնական ուղերձ է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից եւ նրա տիկնոջից՝ Մելանյայից։ Այս մասին «Առաջին տեղեկատվական» հեռուստաալիքին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը, տեղեկացրել է «Коммерсантъ»-ը։
Էյսմոնտի խոսքով՝ նամակը Բելառուսի նախագահին է հանձնել Բելառուսում ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քոուլը։ Դրանում Դոնալդ եւ Մելանյա Թրամփները «շնորհակալություն են հայտնում բելառուսական կողմին եւ անձամբ նախագահին այն հյուրընկալության համար, որը նրանք մշտապես ցուցաբերել են ամերիկյան պատվիրակությանը»։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը եւ նրա կինը շնորհակալություն են հայտնել Ալեքսանդր Լուկաշենկոյին իրենց նվերների համար։ Կոնկրետ նվերները չեն նշվել։
«Եվ շնորհավորում են ձեզ գալիք Սուրբծննդյան կապակցությամբ, մաղթում են ձեզ երջանիկ Սուրբ Ծնունդ», հայտնել է Նատալյա Էյսմոնտը։ Ուղերձում Դոնալդ Թրամփը նշել է, որ անհամբեր սպասում է Ջոն Քոուլի վերադարձին՝ բանակցությունների մասին ավելին իմանալու համար, ավելացրել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղարը։
Ալեքսանդր Լուկաշենկոն երկօրյա բանակցություններ է վարել Ջոն Քոուլի հետ Մինսկում։ Հանդիպումից հետո ամերիկացի դիվանագետը հայտնել է, որ Միացյալ Նահանգները կվերացնի պատժամիջոցները բելառուսական կալիումի նկատմամբ։ Բացի այդ, հատուկ բանագնացը հայտնել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը զուգընթաց՝ կվերացվեն ավելի շատ պատժամիջոցներ։ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը նաեւ հայտնել է, որ կողմերը քննարկել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը։
Հանդիպումից հետո հայտարարվել է, որ ազատ են արձակվել 123 բելառուս քաղբանտարկյալներ, այդ թվում՝ Մարիա Կոլեսնիկովան, Վիկտոր Բաբարիկան եւ Ալես Բելյացկին։





























