Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լավ խորհուրդներ է տալիս Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջոն Քոուլը՝ Մինսկում Բելառուսի նախագահի հետ բանակցություններից հետո, տեղեկացրել է БЕЛТА-ն։
«Ես խոսել եմ ձեր նախագահի հետ տարբեր հարցերի շուրջ։ Նա օգնում է մեզ, խորհուրդ է տալիս, թե ինչ անել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմի հետ կապված։ Սա լավ խորհուրդ է։ Նման տարբեր հարցեր»,- ասել է ԱՄՆ դեսպանը։
Ինչ վերաբերում է Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման առաջընթացին եւ դրանում Բելառուսի դերին, Ջոն Քոուլը նշել է վաղեմի լավ հարաբերությունների գործոնը Լուկաշենկոյի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ։
«Ձեր նախագահը հարաբերությունների երկարատեւ պատմություն ունի նախագահ Պուտինի հետ եւ նրան խորհուրդ տալու հնարավորություն ունի։ Սա շատ օգտակար է այս իրավիճակում։ Նրանք վաղեմի ընկերներ են եւ ունեն անհրաժեշտ մակարդակի հարաբերություններ՝ նման հարցեր քննարկելու համար։ Բնականաբար, նախագահ Պուտինը կարող է ընդունել որոշ խորհուրդներ, իսկ մյուսները՝ ոչ։ Սա գործընթացին օգնելու միջոց է»,- ասել է Ջոն Քոուլը։





























