Հաջորդ տարվա հունվարին Ճապոնիան, 1973 թվականից ի վեր առաջին անգամ, կզրկվի իր կենդանաբանական այգիներում եղած բոլոր պանդաներից՝ Չինաստանի հետ հարաբերությունների սառեցման պատճառով։ Այս մասին հայտնում է «Կիոդո» գործակալությունը։

Ճապոնիայում մնացած վերջին հսկայական պանդա-երկվորյակները՝ արու Սյաո-Սյաոն և էգ Լեյ-Լեյը, որոնք գտնվում են Տոկիոյի «Ուենո» կենդանաբանական այգում, պետք է վերադարձվեն Չինաստան հունվարին, քանի որ փետրվարին լրանում է Չինաստանից նրանց վարձակալության ժամկետը:

Հունիսին Ճապոնիան Չինաստանին է վերադարձրել Վակայամա պրեֆեկտուրայի «Արկածների պարկի» 4 պանդաներին: Դրանից հետո երկրում մնացած միակ պանդաները դարձել են «Ուենո» կենդանաբանական այգու երկվորյակները:

Տոկիոն և Պեկինն այժմ հարաբերությունների սառեցման շրջանը են ապրում՝ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի այն հայտարարությունից հետո, թե Թայվանի շուրջ ստեղծված անկանխատեսելի իրավիճակը, «եթե այն ուղեկցվի ռազմանավերի և ռազմական ուժի կիրառմամբ, ինչպես էլ նայենք, կարող է դիտարկվել որպես էկզիստենցիալ ճգնաժամ»: Ինչպես պարզվել է հետագայում, այս պատասխանը նախապես պատրաստված չի եղել որպես պաշտոնական դիրքորոշում, այլ եղել է Տակաիչիի տեղում կատարված իմպրովիզացիան։

Ի պատասխան դրան՝ Օսակայում Չինաստանի գլխավոր հյուպատոս Սյուե Ցզյանը X սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Ոչինչ չի մնում, քան առանց մի վայրկյան վարանելու կոտրել այդ կեղտոտ վիզը, որն առանց հարցնելու խցկվել է (ուրիշի գործերին)։ Դուք պատրա՞ստ եք դրան»։ Հետագայում գրառումը հեռացվել է։

Դրան հաջորդել է փոխադարձ բողոքների և դեսպանների կանչերի շարքը։ Նոյեմբերի կեսերին՝ Տակաիչիի հայտարարություններից 10 օր անց, Չինաստանի կրթության նախարարությունը և մշակույթի ու զբոսաշրջության նախարարությունը կոչ են արել իրենց քաղաքացիներին ձեռնպահ մնալ Ճապոնիա մեկնելուց՝ անվտանգային իրավիճակի վատթարացման պատճառով, իսկ նրանց, ովքեր արդեն գտնվում են Ճապոնիայում՝ բարձրացնել զգոնությունը և ուժեղացնել ինքնապաշտպանության միջոցները։ Չինական ավիաընկերությունները ուղևորներին առաջարկել են Ճապոնիայի տոմսերի անվճար վերադարձ։ Հարաբերությունների սրման ֆոնին Չինաստանում սկսել են չեղարկել ճապոնացի արտիստների ելույթները և ճապոնական ֆիլմերի ցուցադրությունները։

Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի անխախտելի մաս, իսկ «մեկ Չինաստանի» սկզբունքի պահպանումը՝ պարտադիր պայման այն պետությունների համար, որոնք ցանկանում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել կամ պահպանել Չինաստանի հետ։