ԱՄՆ երկու պաշտոնյա Axios-ին հայտնել են, որ Սպիտակ տունը կոշտ ուղերձ է հղել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որում ընդգծվել է, որ շաբաթավերջին ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ռազմական հրամանատարի սպանությունն ԱՄՆ նախագահ Թրամփի միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագրի խախտում է:

Սպիտակ տան զայրացած ուղերձը հնչում է Թրամփի վարչակազմի և Նեթանյահուի կառավարության միջև աճող լարվածության ֆոնին՝ Գազայի պատերազմը դադարեցնելու համաձայնագրի հաջորդ փուլի և Իսրայելի ավելի լայն տարածաշրջանային քաղաքականության շուրջ։

Ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները չափազանց դժգոհ են Նեթանյահուի գործողություններից։

Սպասվում է, որ Նեթանյահուն Թրամփի հետ կհանդիպի Մար-ա-Լագոյում՝ դեկտեմբերի 29-ին։

Ամերիկացի պաշտոնյաները պնդում են, որ Իսրայելի կառավարությունը չի տեղեկացրել կամ չի խորհրդակցել Միացյալ Նահանգների հետ հարվածից առաջ։

Նեթանյահուին Սպիտակ տան ուղերձը հետևյալն էր. «Եթե ուզում եք փչացնել ձեր հեղինակությունը և ցույց տալ, որ չեք պահպանում պայմանավորվածությունները, շարունակեք, բայց թույլ չենք տա, որ փչացնեք նախագահ Թրամփի հեղինակությունը, երբ նա միջնորդեց Գազայի գործարքի հարցում»։

Իսրայելցի պաշտոնյան հաստատել է Սպիտակ տան դժգոհությունը, բայց հայտարարել, որ ուղերձն ավելի մեղմ էր. «որոշ արաբական երկրներ» Իսրայելի գործողությունները մեկնաբանում են որպես հրադադարի խախտում։ Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ Սպիտակ տունը միանշանակ հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը։