Բեռլինում բանակցությունների ժամանակ ԱՄՆ պատվիրակությունը՝ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների գլխավորությամբ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի պաշտոնյաների հետ միասին, մշակել է Կիևի համար անվտանգության երաշխիքների փաթեթ՝ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի մոդելով, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել են երկու ամերիկացի պաշտոնյաներ (որոնք խնդրել են անանուն մնալ), հայտնել է BBC-ի:
ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը ամրագրում է կոլեկտիվ պաշտպանության սկզբունքը, որը նշում է, որ դաշինքի մեկ անդամի վրա զինված հարձակումը համարվում է հարձակում բոլորի վրա։
«Այս համաձայնագիրը հիմնված է չափազանց ուժեղ երաշխիքների վրա, որոնք էապես նման են 5-րդ հոդվածին, ինչպես նաև շատ ուժեղ զսպման մեխանիզմների վրա. դրանք վերաբերում են ուկրաինական զորքերի թվին և նրանց հասանելի զենքին»,- ասել է պաշտոնյաներից մեկը։
Պաշտոնյան, սակայն, ասել է, որ առաջարկը «հավերժ» չի մնա բանակցությունների սեղանին։ Պաշտոնյաները հրաժարվել են բացահայտել փաստաթղթի մանրամասները։ Սակայն, նրանցից մեկի խոսքով, ԱՄՆ-ն «իր առաջարկներով այնքան հեռու է գնացել, որքան ունակ է գնալու նման իրավիճակում»։
Պաշտոնյաներից մեկն ասել է, թե վստահ է, որ Ռուսաստանը կհամաձայնի ծրագրին, որը Ուկրաինային թույլ կտա լինել «ուժեղ և ազատ»։ Մյուս պաշտոնյան ընդգծել է, որ նախագահ Թրամփը, որը գոհ է բանակցությունների առաջընթացից, կարծում է, որ կարող է համոզել Ռուսաստանին համաձայնվել ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին օրինակով տրվող երաշխիքների։





























