Բեռլինում երկօրյա բանակցություններից հետո, ըստ ԱՄՆ պաշտոնյաների, հանդիպմանը մանրամասն քննարկվել է ուկրաինական տարածքների հարցը, մասնավորապես՝ Դոնբասի այն մասերի, որոնք պահանջում է Ռուսաստանը։

«Ի վերջո, եթե այս պարամետրերը հստակ սահմանվեն, մնացած ինքնիշխանության հարցերի լուծումը կախված կլինի կողմերից և նրանից, թե արդյոք նրանք կկարողանան համաձայնության գալ»,- ասել է զրուցակիցներից մեկը, հայտնում է BBC-ն։

Պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը մտադիր չի «ճնշել» Ուկրաինային այս հարցում, և Կիևն ինքը կորոշի, թե ինչ անել իր տարածքների հետ։

Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Ուկրաինային տնտեսական աջակցությունը՝ այսպես կոչված «վերականգնման և բարգավաճման փաթեթը»։ Քննարկվել է նաև Զապորոժյեի ատոմակայանի ապագան։

«Կարծես թե մոտ ենք նրան, որ նրանք ընդհանուր առմամբ համաձայնեն 50/50 էներգիայի բաշխման հարաբերակցությանը»,- ասել է պաշտոնյան։