Ասիական զարգացման բանկը Հայաստանին 250 մլն դոլար արժողությամբ վարկային միջոցներ կտրամադրի։ Այս մասին դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի ստորագրման հարցի քննարկման ժամանակ հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։
«Հայաստանը, Կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի որոշման շրջանակներում, իրականացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Ներկայումս ծրագրի շրջանակներում հավաստագրեր են ստացել 3100 ընտանիքներ, որոնցից 1140-ն արդեն իրացրել են դրանք»,- հավելել է Խաչատրյանը։
Ծրագրի շրջանակներում Հայաստանի պետական բյուջեից արդեն իսկ ավելի քան 2 միլիարդ դրամ է հատկացվել։ 250 միլիոն դոլարի վարկը կտրամադրվի հետևյալ պայմաններով՝
Վարկի տոկոսադրույքը լողացող է։
Վարկի տրամադրման վերջնաժամկետը 2030 թվականի դեկտեմբերի 31-ն է։
SOFR + 0.8% մարժա (հաշվի առնելով SOFR-ի տոկոսադրույքը 2025 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ՝ 4.13%): Վարկի լողացող տոկոսադրույքը կկազմի 4.93%:
Պահուստային վճարը կկազմի տարեկան 0.15%: Այն կհաշվարկվի վարկի չօգտագործված մնացորդի հիման վրա: Հիմնական գումարը կմարվի 34 հավասար կիսամյակային վճարումներով (2035 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2052 թվականի հունիսի 15-ը):
Վարկի ժամկետը կկազմի 27 տարի, ներառյալ 10 տարվա արտոնյալ ժամանակահատվածը։ Վարկի սպասարկման վճարումները կկատարվեն կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին և դեկտեմբերի 15-ին։





























