Ուկրաինայի քաղաքացին, որը կասկածվում է որպես Ռուսաստանի գործակալ, տեղափոխվել է Կարլսրուե և Գերմանիայի Դաշնային դատարանի քննիչ դատավորի որոշմամբ կալանավորվել, հաղորդում է Welt-ը։
Դաշնային դատախազությունը հայտնել է, որ տղամարդուն կասկածում են Գերմանիայում բեռնափոխադրումների վրա հրկիզման և պայթուցիկ հարձակումների նախապատրաստմանը մասնակցելու մեջ։
Քննիչների տվյալներով՝ Շվեյցարիայում նրա ձերբակալությունից ավելի քան յոթ ամիս անց կասկածյալը հանձնվել է Գերմանիայի իշխանություններին և ներկայացվել քննիչ դատավորի մոտ։ Դատավորը նրա նկատմամբ կալանավորում է նշանակել՝ օտարերկրյա պետության գործակալ լինելու կասկածանքով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր դատախազությունը, մեղադրյալը և նրա ենթադրյալ երկու հանցակիցները հայտարարել են Գերմանիայում բեռնափոխադրումների վրա հրկիզման և պայթուցիկ հարձակումներ կատարելու մտադրության մասին։ Խոսքը Ռուսաստանի հանձնարարությամբ գործող մի քանի անձանց մասին է, նշել են քննիչները:
Ըստ գործի նյութերի՝ հանցագործները Ուկրաինայի քաղաքացիներ էին: Նրանք, «գործելով նշանակված դերերում և գտնվելով Գերմանիայում, պետք է Ուկրաինայում գտնվող հասցեատերերին պայթուցիկ կամ հրկիզող սարքեր պարունակող ծանրոցներ ուղարկեին, որոնք պետք է տեղափոխման ընթացքում բռնկվեին»։
Ենթադրյալ հանցագործներից մեկը մարտի վերջին երկու փորձնական ծանրոց է ուղարկել Քյոլն։ Դրանք, ի թիվս այլ բաների, պարունակում էին GPS թրեքերներ (փոխադրամիջոցների, մարդկանց կամ այլ օբյեկտների արբանյակային վերահսկման համար նախատեսված սարք՝ GPS օբյեկտի գտնվելու վայրը ճշգրիտ որոշելու համար)։
Հետաքննության տվյալներով՝ այս փորձնական ծանրոցները պատվիրել է Կարլսրուե տեղափոխված տղամարդը։
Դաշնային գլխավոր դատախազը մայիսի կեսին հրամայել է նրան ձերբակալել շվեյցարական Թուրգաու կանտոնում։ Կասկածյալը երեքշաբթի օրը արտահանձնվել է Գերմանիա։



























