Ֆրանսիայի ազգային փոստի և դրա բանկային ծառայության կայքերն ու հավելվածները ենթարկվել են կասկածելի կիբերհարձակման, որը տարվա ամենածանրաբեռնված ժամանակահատվածում խափանել է առաքումները, առցանց վճարումներն ու փոխանցումները, գրում է The Guardian-ը։

Սուրբ Ծննդից երեք օր առաջ Ֆրանսիայի փոստային ծառայությունը հայտնել է, որ բաշխված ժխտման ծառայության (DDoS) հարձակումը «անհասանելի է դարձրել իր առցանց ծառայությունները»։

Նշվել է, որ հաճախորդների տվյալներն անվտանգ են, սակայն փոստի՝ մասնավորապես ծանրոցների առաքումը դանդաղել է։

Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, որ փոստային բաժանմունքներում շտապ ծանրոցներ ուղարկել կամ իրեր վերցնել ցանկացող հաճախորդներին մերժել են։ Սուրբ Ծննդին նախորդող շրջանում փոստային ծառայությունը տեսակավորել և իրականացրել է ավելի քան 2 միլիոն առաքում։ Խմբի բանկային ծառայությունը՝ La Banque Postale-ը, սոցիալական ցանցերում հայտնել է, որ միջադեպն «ազդել է առցանց բանկային գործունեության և բջջային հավելվածի հասանելիության վրա»։ Հայտարարության մեջ ասվում է, որ խանութների վաճառքի տերմինալներում քարտերով վճարումները, ինչպես նաև բանկոմատները շարունակել են գործել։

Առցանց վճարումները նույնպես հնարավոր են եղել, բայց դրանք պետք է հաստատվեին տեքստային հաղորդագրությամբ։

Ենթադրյալ հարձակման համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել: BPCE ընկերությունների խումբը, որի մեջ են մտնում Banque Populaire և Caisse d'Epargne բանկերը, նույնպես երկուշաբթի առավոտյան ունեցել է տեղեկատվական տեխնոլոգիաների խափանում, սակայն մինչև կեսօր այն լուծվել է, հայտնել է ընկերությունը: