Վերջերս Ադրբեջանը գնդապետի զինվորական կոչում շնորհեց վախկոտ ու դաժան մարդասպանի՝ Ռամիլ Սաֆարովին, նրա համար, որ կացնահարել էր Գուրգեն Մարգարյանը, հայ սպա ի 10 օր շարունակ Հայաստանի կառավարությունից ոչ մի խոսք, ոչ մի արձագանք, ոչ մի բողոք, սա վիրավորանք է մեր պետության ու հայ ժողովրդի նկատմամբ։ Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Գնում է Ռուսաստանի Դաշնություն և ՌԴ–ից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գովեստի ու շնորհակալության խոսքեր է ձոնում նրա համար, որ տվել է երկու կանիստր բենզին ու կասկածելի որակի մի քանի պարկ ցորեն։
Ես հարց ունեմ ձեզ, Նիկոլ Փաշինյան, ինչո՞ւ եք դուք այդքան արհամարհում մեր նահատակներին ու նրանց ընտանիքներին, որ անգամ չեք համարձակվում նրանց անունից հարցեր բարձրացնել, կամ պաշտպանել նրանց իրավունքները։ Սա է այն խաղաղությունը, որի մասին այդքան հայտարարում եք, թե բերել եք մեր ժողովրդին, իսկ ի՞նչ պետք է անի իրական ղեկավարը, իրական ղեկավարը պետք է այնպես անի, որ իր երկրի քաղաքացուն որևէ մեկը չհամարձակվի վնաս տալ, իսկ վնաս տալու դեպքում էլ հստակ իմանա, որ աշխարհի որ ծայրում էլ գտնվի, նրա հետևից գալու է արդարադատություն ու պատիժը»։





























