Ֆրանսիայի լրտեսության դեմ պայքարի գործակալությունը՝ DGSI-ն, երեքշաբթի հետաքննություն է սկսել ազգային փոստային ծառայության վրա կատարված կիբերհարձակման առնչությամբ, երբ ռուսամետ հաքերային խումբը ստանձնել է պատասխանատվությունը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով դատախազությանը։

Երկուշաբթի սկսված հարձակումը Սուրբ Ծննդյան եռուն շաբաթվա ընթացքում խափանել է La Poste-ի մի քանի առցանց ծառայություններ, դրանց թվում՝ բանկային սպառողական ծառայությունները և պատվիրված փոստի հետևումը։ La Poste-ից հայտնել են, որ շարունակում է առաքել ծանրոցներ և նամակներ: Թեև երեքշաբթի իրավիճակը փոքր-ինչ բարելավվել է, «իրավիճակը մնում է անկայուն»։ Հայտարարության մեջ նշվում է, որ կիբերհարձակման պատասխանատվությունը ստանձնել է ռուսամետ Noname057(16), հաքերային խումբը, որը նախկինում թիրախավորել էր ուկրաինական լրատվամիջոցների կայքերը, ինչպես նաև Լեհաստանի, Շվեդիայի և Գերմանիայի երկրների կառավարական և կորպորատիվ կայքերը։

Փարիզի դատախազությունը Ֆրանսպրես գործակալությանը հայտնել է, որ La Poste-ն քրեական հայց է ներկայացրել, իսկ հաքերային խմբի հայտարարությունից հետո DGSI-ն  նշանակվել է հետաքննությունը ղեկավարելու համար։ Գերատեսչությունը հայտարարել է, որ «այս փուլում» հետաքննությունը նպատակ ունի բացահայտել հանցագործություն, որը կապված է տվյալների ծառայության կանխամտածված խափանման հետ։

Երեքշաբթի վաղ առավոտյան, կիբերհարձակման մասին հարցին պատասխանելով, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Ռոլան Լեսկյուրը BFMTV/RMC գործակալությանը հայտնել է, որ «բոլոր առաջնահերթություններից առաջնայինը» Սուրբ Ծննդյան տոներին ծանրոցների ժամանակին առաքումն ապահովելն է։