Christie`s աճուրդի տունը փետրվարի 7-ին Լոնդոնում բացում է իմպրեսիոնիստների, սյուրռեալիստների եւ ժամանակակից նկարիչների կտավների երկօրյա աճուրդ: Ցուցադրված աշխատանքների շարքում են հուլիվուդյան լեգենդար դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի հավաքածուի 38 նկարներ, մասնավորապես Վինսենթ Վան Գոգի «Սեն Ռեմիի մանկատան եւ եկեղեցու տեսարանը» հանրահայտ կտավը, որի վաճառքից աճուրդի կազմակերպիչներն ակնկալում են ստանալ 5-ից մինչեւ 7 միլիոն ֆունտ սթեռլինգ (7,9-ից մինչեւ 11 միլիոն դոլար):
Էլիզաբեթ Թեյլորը, որը վախճանվել է անցյալ տարվա մարտին` 79 տարեկանում, սերն արվեստի նկատմամբ ժառանգել է հորից` հայտնի արթ-դիլլեր Ֆրենսիս Թեյլորից:
Արդեն լինելով հաջողակ դերասանուհի` Էլիզաբեթ Թեյլորն օգտվել է հոր խորհրդից եւ սկսել է ձեռք բերել արվեստի գործեր` իր հավաքածուի համար բծախնդրորեն ընտրելով միայն «մարգարիտները»: «Էլիզաբեթ Թեյլորն արվեստի գործերը գնել է այն նույն ոգեւորությամբ, ինչ որ ադամանդները», - նշել է փորձագետ Ջովաննա Բերտացոնին:
Էդգար Դեգի ինքնանկարը, Վինսենթ Վան Գոգի եւ Քամիլ Պիսսարոյի բնանկարները, Պաբլո Պիկասոյի էսքիզը նրա հայտնի «Վոլարի շարքից», եւ նրա մի քանի այլ ստեղծագործություններ, ինչպես նաեւ Վասիլ Կանդինսկու եւ Մորիս Ուտրիլեյի աշխատանքները. ահա միայն մի քանի լոտեր, որոնք կներկայացվեն աճուրդին «Իմպրեսիոնիզմ եւ ժամանակակից արվեստ» եւ «Սյուրռեալիզմի արվեստը» անվան ներքո: Ամենաթանկարժեք լոտ կարող է դառնալ կուբիզմի հիմնադիրներից Խուան Գրիսի «Գիրքը» նատյուրմորտը: Այդ աշխատանքը կարող է վաճառվել մինչեւ 12-18 միլիոն ֆունտ սթեռլինգ (19-28,5 միլիոն դոլար):
Այսօրվա աճուրդի արդյունքներից Christie`s-ը նախատեսում է ստանալ մինչեւ 127 միլիոն ֆունտ սթեռլինգ (201 միլիոն դոլար), հայտնում է ՒՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























