Տաջիկստանի սահմանապահ ծառայությունը հայտնել է Աֆղանստանի հետ սահմանին տեղի ունեցած ռազմական բախման մասին, որի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, հաղորդում է «Խովարը»։

Հաղորդվում է, որ դեկտեմբերի 24-ի գիշերը «ահաբեկչական կազմակերպության» երեք անդամներ Աֆղանստանից հատել են սահմանը և մտել Տաջիկստան՝ Շամսիդինի շրջանի անցակետի մոտ։

Այն բանից հետո, երբ տաջիկ սահմանապահները հայտնաբերել են գրոհայիններին, սկսվել է փոխհրաձգություն: Արդյունքում սպանվել են բոլոր երեք աֆղանցիները, ինչպես նաև սահմանապահ զորքերի երկու զինծառայող: Իր հայտարարության մեջ սահմանապահ ծառայությունը մեղադրում է թալիբների կառավարությանը՝ պետական սահմանի անվտանգությունն ապահովելու անկարողության մեջ:

Գերատեսչության տվյալներով՝ սա մեկ ամսվա ընթացքում Աֆղանստանից Տաջիկստանի տարածքի վրա գրոհայինների հարձակման արդեն երրորդ դեպքն է, որը հանգեցրել է մարդկային զոհերի: