Աֆղանստանի ուժային կառույցների նախկին բարձրաստիճան ներկայացուցիչ Ակրամուդդին Սարին սպանվել է Թեհրանում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով։ Իրանի ոստիկանությունը հաստատել է սպանության փաստը։

«Mehr» գործակալության աղբյուրները հաստատել են Թեհրանում Աֆղանստանի նախկին կառավարության օրոք Թահար նահանգի ոստիկանության նախկին պետ Ակրամուդդին Սարիի սպանությունը։

Ըստ այդ հաղորդագրությունների՝ նա զինված հարձակման է ենթարկվել Թեհրանի Վալի Ասր փողոցում գտնվող իր աշխատավայրից դուրս գալուց հետո։ Սարին գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ստացած վերքերից մահացել է։

Թեհրանի ոստիկանության վարչությունում «Mehr»-ի իրականացրած հետաքննությունը ցույց է տվել, որ սպանության փաստը հաստատված է և տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը։ Միջադեպի քննությունը շարունակվում է, իսկ սպանության մեղավորները դեռևս գտնվում են հետախուզման մեջ։