Աշխարհում առաջին անտեսանելի աշտարակը` Tower Infinity-ն կկառուցվի Հարավային Կորեայում: Նախագիծը միանգամայն կարող է հավակնել աշխարհի ութերորդ հրաշալիք դառնալուն: Աշտարակն անտեսանելի դարձնելու համար ճարտարապետները մտադիր են հատուկ նյութեր եւ օպտիկական տեխնոլոգիաներ կիրառել:
Աշտարակը հսկայական կիսաթափանցիկ բյուրեղապակի կլինի: Դրա նախագիծը մշակել են GDS Architects ընկերության ճարտարապետները: Այն նախատեսվում է կառուցել 2014թ.: Tower Infinity-ի բարձրությունը կկազմի 450մ, շինարարական ընդհանուր մակերեսը կկազմի 145,5 հազ. քմ: Աշտարակի մոտ 400մ բարձրության վրա դիտակետ կլինի:
Ի տարբերություն նմանատիպ այլ կառույցների` Tower Infinity-ն չի հավակնում դառնալ աշխարհի ամենաբարձր կամ ամենաթանկարժեք աշտարակը: Այն կդառնա Հարավային Կորեայի խորհրդանիշը, որը կմատնանշի «ասիական վագրի» աճող ուժը, որը չի գովազդում իր ներկայությունը:
Tower Infinity-ի վայրը Սեուլի մոտ գտնվող Ինչհոն քաղաքն է, որը պատահաբար չեն ընտրել: Ինչհոնը հաճախ անվանում են կորեական մայրաքաղաքի դարպաս, այն համարվում է Հարավային Կորեայի կարեւորագույն տրանսպորտային հանգույցը, քանի որ քաղաքում է գտնվում արեւմտյան թերակղզու ամենախոշոր նավահանգիստը, ինչպես նաեւ երկրում ամենամեծ օդանավակայանը, գրում է style.rbc.ru-ն:




























