Պարեկային ծառայությունը հանրապետության ճանապարհներին շարունակում է ուժեղացված հսկողությունն ու խիստ վարչարարությունը։ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ միայն վերջին 3 օրում պարեկային ծառայողները ստուգման են ենթարկել 5131 տրանսպորտային միջոց, որոնցից 550-ի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ ոչ ձմեռային անվադողերով, ինչպես նաև սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող ձմեռային անվադողերով երթևեկելու համար։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ պարեկային ծառայության աշխատակիցները ստուգման են ենթարկել նաև ՃՏՊ-ների մասնակից տրանսպորտային միջոցների անվադողերը։ Վերջին 3 օրում հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 748 պատահար, որոնց գերակշիռ մասը նյութական ելքով են եղել։ Նշված պատահարների մասնակից 1454 տրանսպորտային միջոցների ստուգմամբ ընդամենը 28-ի անվադողերն են եղել ամառային։
«Պարեկային ծառայության աշխատակիցները համագործակցում են նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ և առկա մերկասառույցի և անհրաժեշտ մաքրման աշխատանքների անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն տրամադրում գործընկերներին։ ՆԳ նախարարությունը հորդորում է պահպանել երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցները վարել բացառապես ձմեռային անվադողերով։ Խիստ վարչարարությունը շարունակվելու է»,-հայտնում են նախարարությունից։





























