Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկը պետք է շահագործի հայկական կողմը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ` փետրվարի 7-ին, հաղորդել է «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն, ով գտնվում է Երեւանում: Նրա խոսքով, նման եզրակացություն է արվել գործող էներգաբլոկի աշխատանքներին ծանոթանալուց հետո:

«Ես դիտարկել եմ անվտանգության հավելյալ միջոցները, որոնք կիրառության մեջ են դրվել կայանում: Ատոմակայանի վրա աշխատում է մասնագիտական կոլեկտիվ, որակյալ մասնագետներ, եւ ես բարձր եմ գնահատում այն աշխատանքը, որը նրանք իրականացնում են շահագործման եւ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Այդ պատճառով ես կասկած չունեմ, թե ով պետք է զբաղվի կայանի շահագործմամբ: Ես անհրաժեշտություն չեմ տեսնում, որ Ռուսաստանի մասնակցություն ունենա այդ գործում: Իհարկե, կայանի կառավարման աշխատանքները պետք է ստանձնի Մեծամորի ատոմակայանը»,-ասել է Կիրիենկոն:

Ինչ վերաբերում է սարքերի մատակարարման գործում Ռուսաստանի մասնակցության հարցին, ապա ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նոր էներգաբլոկում տեղակայվելու է ջրային ռեակտոր: Նոր էներգաբլոկում կիրառվելու է ավելի ժամանակակից տեխնոլոգիա: «Ռոսատոմ»-ի ղեկավարը հավելել է, որ ռուսական բլոկը կարելի է այսօր համարել միակն աշխարհում, որը համապատասխանում է անվտանգության «հետֆուկուսիմյան» չափանիշներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հրապարել էր Մեծամորի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի բնապահպանական ազդեցության գնահատականը: Նախագծի տեխնիկական եւ տնտեսական հիմնավորումը, շինարարության նախահաշիվը վարում է ավստրալական Worley Parsons-ը: Նոր էներգաբլոկը կլինի գործող ԱԷԿ-ի տարածքում, Երեւանից 32 կմ արեւմուտք: