Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գլուխը հարվածել է սառույցին՝ հոկեյի խաղի ժամանակ թիմակցի հետ բախվելուց և ընկնելուց հետո։
Դեպքը տեղի է ունեցել Մինսկի «Օլիմպիական Արենայի» սառույցի վրա, որտեղ Լուկաշենկոյի թիմը խաղում էր Բրեստի մարզի թիմի հետ։ Լուկաշենկոն դանդաղ սահում էր սառցադաշտի կենտրոնում, մինչդեռ մյուս խաղացողները արագորեն փոխում էին դիրքերը նրա շուրջը։ Նրանցից մեկը՝ 68-րդ համարի խաղացողը, պատահաբար բախվել է նրան ետևից։ Լուկաշենկոն կորցրել է հավասարակշռությունը և ամբողջ ուժով հարվածել գլուխը սառույցին։
Ավելի ուշ նա հայտարարել է, որ «ոչ մի լուրջ բան» տեղի չի ունեցել։ «Ամեն ինչ լավ է։ Ես ինձ լավ եմ զգում, բացառությամբ մեջքի մկանների ձգման։ Ես պատրաստվում եմ հաջորդ խաղին», - գրել է Լուկաշենկոն։ Sports.ru-ի փոխանցմամբ՝ նրան գետնին է գցել թիմակիցը՝ նախկին KHL խաղացող Յարոսլավ Չուպրիսը, որը չի տեսել նրան, քանի որ նա հետ էր շարժվում։
Բելառուսի նախագահի թիմի և Բրեստի մարզի հոկեյի խաղացողների միջև խաղն ավարտվել է 5-5 հաշվով։ Լուկաշենկոյի որդին՝ Նիկոլայը, վերջին րոպեին հավասարեցրել է հաշիվը։
71-ամյա Լուկաշենկոն, որը կառավարում է Բելառուսը 1994 թվականից, ծանր հիվանդ է, հայտնել են «Դոժդ»-ի աղբյուրները, որոնք ծանոթ են իրավիճակին։ Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ Լուկաշենկոն հիվանդացել է 2024 թվականի հուլիսին Աստանայում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում, որտեղ Բելառուսը պաշտոնապես ընդունվել է այդ կազմակերպությանը։
2023 թվականին Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթի ժամանակ Լուկաշենկոն դժվարությամբ էր քայլում. նրան էլեկտրական մեքենայով տարել էին դեպի Հավերժական կրակը, և նրա ձեռքի վրա եղած հետքերը նման էին կաթետերի հետքերին։ Շքերթից անմիջապես հետո Լուկաշենկոն վերադարձավ Մինսկ, բայց ոչ թե նա, այլ Բելառուսի պաշտպանության նախարարը, հանդիսավոր ելույթ ունեցավ այդ առիթով։ Կարճ ժամանակ անց պետության ղեկավարը վկայակոչեց ադենովիրուսը և անհետացավ հինգ օրով։





























