Չեռնոգորիան ակնկալում է մինչեւ 2026թ․ վերջը փակել Եվրամիության հետ բանակցությունների բոլոր գլուխները եւ դառնալ ԵՄ լիիրավ անդամ 2028թ․, «Դան» թերթի հարցազրույցում հայտնել է արտաքին եւ եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը։
Նրա խոսքով՝ 2025 թվականը շրջադարձային էր երկրի եվրոպական ինտեգրման համար, որը նշանավորվել է ինստիտուցիոնալ ամրապնդման աճով եւ եվրոպական գործընկերների շրջանում Չեռնոգորիայի նկատմամբ ավելի դրական ընկալմամբ։ Իվանովիչը նշել է, որ սահմանված ժամանակացույցը իրատեսական է եւ վաղուց համարվում է ընդհանուր սպասում թե՛ Բրյուսելում, թե՛ երկրի ներսում։
Նա անցյալ տարվա կարեւորագույն իրադարձություններից մեկը համարել է բանակցային հինգ գլուխների փակումը Բրյուսելում կայացած Չեռնոգորիա-ԵՄ միջկառավարական համաժողովում։ Փոխվարչապետի խոսքով՝ դա ոչ միայն տեխնիկական, այլեւ քաղաքական վստահության ազդանշան էր Եվրամիության կողմից, որը ցույց է տալիս բանակցությունների վերջնական փուլ մտնելու երկրի պատրաստակամությունը։
Իվանովիչը նաեւ ընդգծել է ԵՄ ինստիտուտների եւ անդամ պետությունների հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաեւ Չեռնոգորիայի ավելի խոր ներգրավվածությունը համաեվրոպական քաղաքականության մեջ՝ նույնիսկ պաշտոնական անդամակցությունից առաջ։ Սա ներառում է մասնակցությունը CEPA վճարային համակարգին, ինտեգրումը ընդհանուր շուկային եւ ընդլայնված համագործակցությունը տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում։
Փոխվարչապետի խոսքով՝ Չեռնոգորիան ներկայում Բրյուսելում եւ այլ եվրոպական մայրաքաղաքներում դիտվում է որպես ԵՄ անդամակցության ամենալուրջ թեկնածու։ Նա ընդգծել է, որ եվրոպական ինտեգրումը մնում է արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը եւ պետության ռազմավարական ընտրությունը։
Հնարավոր ռիսկերի վերաբերյալ Իվանովիչը նշել է, որ հիմնական մարտահրավերները մնում են օրենքի գերակայության հետագա ամրապնդումը, պետական ինստիտուտների արդյունավետության բարձրացումը, քաղաքական կայունության եւ հանրային կոնսենսուսի պահպանումը եվրոպական ուղու շուրջ։
2026թ․ Չեռնոգորիայի իշխանությունները մտադիր են կենտրոնանալ բանակցային գործընթացի ավարտի վրա։ Նախատեսված քայլերի թվում են ԵՄ-Արեւմտյան Բալկաններ գագաթաժողովի հյուրընկալումը, ԵՄ-ում Կիպրոսի նախագահության ընթացքում անդամակցության պայմանագրի նախագծի նախապատրաստման մեկնարկը եւ Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպական խորհրդարանի հետ երկխոսության ակտիվացումը։ Այս ջանքերի նպատակը, Իվանովիչի խոսքով, բանակցությունների լիարժեք ավարտն է եւ երկիրը ԵՄ անդամակցությանը նախապատրաստելը։





























