Վրաստանում երկաթուղային չվերթների մեծ մասը չեղարկվել է վատ եղանակի պատճառով, տեղեկացրել է «Грузия Online»-ը՝ հղում կատարելով «Վրացական երկաթուղի» (ՎԵՈւ) ընկերության հայտարարությանը։

Ընկերության տվյալներով՝ հունվարի 3-ին եւ 4-ին չեղարկվել են ինչպես մայրուղային, այնպես էլ միջքաղաքային գնացքների չվերթները։ Բացառություն է կազմում միայն Թբիլիսի-Բաթում-Թբիլիսի երթուղին, որը շարունակում է սպասարկել ուղեւորներին։

«Բարդ օդերեւութաբանական պայմանների եւ հատկապես Արեւմտյան Վրաստանում վատ եղանակի պատճառով ճանապարհներին պարբերաբար առաջանում են տարբեր խոչընդոտներ գնացքների տեղաշարժի համար»,- նշվել է հայտարարությունում։

ՎԵՈւ-ն ներողություն է խնդրել ուղեւորներից եւ հայտնել, որ կփոխհատուցի չեղարկված չվերթների տոմսերի արժեքը։

Այսօր ավելի վաղ Թբիլիսի-Զուգդիդի գնացքը կանգնել է Խաշուրի մունիցիպալիտետի Գոմի գյուղի մոտ։ Գնացքը մի քանի ժամ կանգնած է մնացել ճանապարհին, ինչից հետո ուղեւորներին այլընտրանքային գնացք են տրամադրել։ ՎԵՈւ-ն գնացքի կանգնելու պատճառ է նշել «տեխնիկական անսարքությունը»։ Պարզ չէ, թե արդյոք այն կապված է եղել վատ եղանակի հետ։

Բարդ օդերեւութաբանական պայմանները Վրաստանում շարունակվում են արդեն մեկ շաբաթից ավելի։ Լեռներում ձյուն է տեղում, իսկ ջերմաստիճանը տեղ-տեղ իջնում է մինչեւ -17 աստիճան գիշերային ժամերին։ Մի շարք ավտոճանապարհներին տեղաշարժը սահմանափակված է։ Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ ցրտերը կնահանջեն հունվարի 5-ից։