ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել մամուլի ասուլիսում, որի ընթացքում հայտնել է, որ ԱՄՆ-ը «պատրաստվում է կառավարել» Վենեսուելան այնքան ժամանակ, մինչեւ որ «գա այն ժամանակը, երբ մենք կկարողանանք իրականացնել իշխանության անվտանգ, պատշաճ եւ խելամիտ հանձնում»։
Թրամփը նաեւ շնորհակալություն է հայտնել զինվորականներին իրենց «ոգեշունչ արագության, հզորության, ճշգրտության եւ բանիմացության» համար։
Նա ասել է, որ այդ «բարձրակարգ զինվորականները» գործել են ԱՄՆ իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ։
«Վենեսուելայի զինված ուժերը սպասում էին մեզ նավերի մեծ քանակությամբ»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Ընդ որում, Թրամփի խոսքով, Վենեսուելայի ԶՈւ-ն, չնայած լիակատար մարտական պատրաստվածությանը, «լիովին ճնշվել եւ շատ արագ հանվել է շարքից»։
Ամերիկացի ոչ մի զինծառայող չի սպանվել, եւ ոչ մի տեխնիկա չի ոչնչացվել, ավելացրել է նա։
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ը «ոչնչացրել է ծովով եկող թմրանյութերի 97 տոկոսը», եւ հավաստիացրել է, որ թմրանյութ տեղափոխող յուրաքանչյուր նավ սպանում է միջինը 25 000 մարդ։
ԱՄՆ «գործընկերությունը» Վենեսուելայի հետ Վենեսուելայի ժողովրդին կդարձնի «հարուստ, անկախ եւ անվտանգ», կարծում է Թրամփը։
«ԱՄՆ-ում ապրող վենեսուելացիները «չափազանց երջանիկ» կլինեն»,- ավելացրել է նա։- «Նրանք այլեւս չեն տառապի։
Թրամփը Մադուրոյին անվանել է «անօրինական բռնապետ», որը պատասխանատու էր «վիթխարի քանակությամբ արգելված թմրանյութեր» ԱՄՆ ներկրելու համար, եւ նրան մեղադրել է Cartel de los Soles կարտելը ղեկավարելու մեջ։
Թրամփն ավելացրել է, որ Մադուրոն եւ նրա կինը գտնվում են Նյու Յորք ուղեւորվող նավի վրա, եւ որոշումը «կընդունվի առաջիկայում», Նյու Յորքի եւ Մայամիի միջեւ։





























