Այսօր մեր բոլոր եկեղեցիներում կսկսվի երեկոյան ժամերգություն, որից հետո կմատուցվի Ճրագալույցի սուրբ պատարագը, որով կազդարարվի Քրիստոսի ծննդյան բարի ավետիսը բոլորիս։ Այս մասին այսօր՝ հունվարի 5–ին, Մայր Աթոռի բակում NEWS.am–ի հետ զրույցում նշեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

«Նաև Ճրագալույցի պատարագի ավարտին մարդիկ Քրիստոսին խորհրդանշող լույսը ճրագներով կտանեն իրենց ընտանիք, իրենց օջախներ, Աստծո օրհնությունը, Աստծո սերն ու լույսը բերելու իրենց կյանք։ Սա այսօրվա մեր ամենակարևոր և կենսական խորհուրդն է՝ մանուկ Հիսուսի ծննդյան ավետիսով զորանալու, ապրելու, մեր կյանքը կերտելու և նաև հաղթանակներ ունենալու»,–ասաց նա՝ հավելելով, որ վաղն արդեն կլինի սուրբծննդյան պատարագը։