Գրենլանդիայի վարչապետը երեքշաբթի շնորհակալություն է հայտնել եվրոպացի առաջնորդներին դանիական ինքնավար տարածքի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նորացված պահանջներին հետևած աջակցության համար և կոչ է արել բանակցություններ վարել ԱՄՆ վարչակազմի հետ, հաղորդում է AFP-ն։

Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, ԱՄՆ ռազմական միջամտությունը Վենեսուելայում վերակենդանացրել է Արկտիկայում հազվագյուտ և հողային տարրերի չօգտագործված հանքավայրեր և բևեռային սառույցի հալվելու և հետևաբար՝ նոր նավագնացության ուղիներ բացելու շնորհիվ նշանակալի խաղացող դառնալու հեռանկար ունեցող դանիական ինքնավար տարածքի նկատմամբ Թրամփի վաղեմի ծրագրերը։

Սակայն, վերջին օրերին ԱՄՆ առաջնորդի և նրա շրջապատի բազմիցս արած հայտարարությունների հետնապատկերում, վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը կրկին հայտարարել է, որ Գրենլանդիան վաճառքի համար չէ, և միայն գրենլանդացիները պետք է որոշեն դրա ապագան։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը և Իսպանիան ավելի վաղ միացել էին Դանիային՝ հայտարարելով, որ պաշտպանելու են «ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության համընդհանուր սկզբունքները»։

 «Այդ աջակցությունը կարևոր է այն ժամանակ, երբ հարցականի տակ են դրվում միջազգային հիմնարար սկզբունքները,- գրել է Նիլսենը սոցիալական ցանցերում: -Այս աջակցության համար ես ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել: Այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգների նախագահը կրկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շատ լուրջ է վերաբերվում Գրենլանդիային, ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների այդ աջակցությունը կարևոր է և պարզորոշ»:

Վաշինգտոնն արդեն իսկ ունի ռազմական բազա Գրենլանդիայում, որտեղ մոտ 57 հազար մարդ է բնակվում: Կիրակի օրը Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիայի վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել «մոտ երկու ամսից», երբ Վենեսուելայում իրավիճակը թուլանա:

Եվրոպացի առաջնորդների համատեղ հայտարարության մեջ Արկտիկայի անվտանգությունն անվանվել է մայրցամաքի «հիմնական առաջնահերթություն» և «կարևոր» միջազգային և տրանսատլանտյան անվտանգության համար: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Դանիան, ներառյալ Գրենլանդիան, ՆԱՏՕ-ի մաս է կազմում և կոչ է անում Միացյալ Նահանգների հետ համատեղ մոտեցման՝ բևեռային տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար: Հայտարարությունը ստորագրել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը, Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։

Ինչպես նշել են լրատվամիջոցները, մինչ Թրամփը պնդում էր, թե Դանիան չի կարող ապահովել Գրենլանդիայի անվտանգությունը, Կոպենհագենը մեծ ներդրումներ է կատարել այդ ոլորտում՝ անցյալ տարի մոտ 90 միլիարդ կրոն (14 միլիարդ ԱՄՆ դոլար) հատկացնելով։