Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է անվանել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին կալանավորելու ԱՄՆ-ի գործողությունը և հայտարարել համաշխարհային քաղաքականության մեջ «ջունգլիների օրենքի» կիրառման անթույլատրելիության մասին։

«Վենեսուելայում ԱՄՆ ռազմական միջամտությունը և անկախ պետության ղեկավարին անկողնուց քարշ տալը, ապա դատարանի առաջ կանգնեցնելը և այդ ամենն աշխարհին ուղիղ հեռարձակմամբ ցուցադրելը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է։ Սա աշխարհի խոշորագույն պետություններից մեկի կողմից «ջունգլիների օրենքի» ակնհայտ դրսևորում է։ Մարդկությունը պետք է միասնական ճակատով հանդես գա դրա դեմ»,- լրագրողներին ասել է Քուրթուլմուշը։

Ավելի վաղ Վենեսուելայի նախագահի նկատմամբ ԱՄՆ-ի գործողությունները դատապարտել էր Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա նրա առևանգումն անվանել էր ինքնիշխանության խախտում և միջազգային իրավունքի անտեսում։