Պլաստիկ վիրահատություններ չունեմ, քսուքներ չեմ օգտագործում, դիետաներ չեմ պահել: Այս մասին այսօր` փետրվարի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հունվարի 22-ին կայացած «Miss Grandma Universe-2012» գեղեցկության, տաղանդի միջազգային մրցույթ-փառատոնում առաջին տեղը գրաված Հայաստանը ներկայացնող 51-ամյա Լուիզա Աղաջանյանը` հավելելով, որ իր գեղեցիկ արտաքինը պահպանվել է այն բանի շնորհիվ, որ ինքը միշտ ուրախ է, պարում է, զբաղվում է «աերոբիկայով»:

«33 տարի նվիրել եմ իմ երեխաներին, բնավորությամբ շատ պարզ եմ, մեծահոգի, նպատակասլաց եւ անչափ բարի եմ, երեւի հոգեպես իմ բարությունը արտահայտվել է իմ տեսքում»,- իր գեղեցկությունը պահպանելու գաղտնիքը բացահայտեց Միսս տատիկը: Ի դեպ, միայն հայաստանցի տատիկն է ստացել 7-օրյա անվճար  ուղեգիր: «Ես համոզված էի, որ հաղթանակը իմ կողմը կլինի»,- ասաց նա:

Լուիզա Աղաջանյան-Ծատուրյանը խորհուրդ է տալիս բոլոր տատիկներին ավելի շրջահայաց լինել, չբավարարվել կենցաղային գործերով, թոռնիկներին խնամելով, չընկճվել կյանքի դժվարություններից:

Ասուլիսի մյուս բանախոսը` Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի, Միսս եւ միստր աշխարհ միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը նշեց, որ մրցույթին հաղթող հայաստանցի տատիկն Ալավերդի քաղաքից է, 51 տարեկան, ունի 3 երեխա, 2 թոռնիկ: Լուիզա Աղաջանյանը մասնագիտությամբ մանկավարժ-պարուսույց է, Լոռիի եւ Տավուշի մարզերի Միսս եւ Միստր գեղեցկության մրցույթի ղեկավարը, ով Վրաստանում եւ Հունաստանում կազմակերպում է գեղեցկության մրցույթներ: Աշոտ Խաչատրյանը պատմեց, որ մրցույթի առաջին փուլում հայ տատիկը ոճաբան Գեւորգ Շադոյանի հեղինակած զգեստն է կրել, երկրորդ փուլում պետք է պատրաստեին ուտեստներ, նա պատրաստել է հայկական տոլմա, սպաս եւ այլն: Իսկ երրորդ փուլում պարել է ժամանակակից պարեր, այդ թվում` լատինամերիկյան, այնուհետեւ պարել է Ջիվան Գասպարյանի երաժշտության ներքո: Մրցույթի մասնակիցներն աշխարհի տարբեր երկրներից էին, 300 մասնակիցներից մնացել էին 25-ը, իսկ երրորդ փուլում` 15 հոգի:

Նշենք, որ NEWS.am-ը երկու անգամ անդրադարձել է Լուիզա Աղաջանյանին: Ավելի վաղ ներկայացրել էինք նրա հաղթանակի լուրը, իսկ դրանից հետո Միսս տատիկը NEWS.am-ին տվել էր հաղթանակից հետո իր առաջին բացառիկ հարցազրույցը: