Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը խստորեն քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ արտաքին քաղաքականությունը՝ հավելելով, որ աշխարհը չպետք է վերածվի «ավազակների որջի»։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Իր ելույթում Շտայնմայերը նշել է, որ համաշխարհային ժողովրդավարությունը ենթարկվում է աննախադեպ հարձակումների։ Նա Ղրիմի միացումը և Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողությունները անվանել է առաջին պատմական խզումը, իսկ ԱՄՆ-ի քաղաքականությունը՝ երկրորդը։

«Խոսքն այն մասին է, որ թույլ չտրվի աշխարհի վերածումը ավազակների որջի, որտեղ ամենաանսկզբունքայինները խլում են այն ամենը, ինչ խելքներին փչում է, որտեղ տարածաշրջանները կամ ամբողջական երկրները դիտարկվում են որպես մի քանի գերտերությունների սեփականություն»,- ասել է Գերմանիայի նախագահը։

Հունվարի 8-ին Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական գործողությունը, որի ընթացքում կալանավորվել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն, միջազգային իրավունքի բացահայտ խախտում է։

Հունվարի 3-ին ԱՄՆ բանակը մի շարք հարվածներ է հասցրել Վենեսուելային, այդ թվում՝ հանրապետության մայրաքաղաքին և կալանավորել Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին։ Նրանց տեղափոխել են Միացյալ Նահանգներ, որտեղ դատում են թմրակարտելի ստեղծման հետ կապված հանցագործությունների համար։