Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է այսօր` փետրվարի 8-ին, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեի հետ հեռախոսով քննարկել իրադրությունը Սիրիայում, ինչպես նաեւ հակամարտության կարգավորման Անկարայի նախաձեռնությունը: Այդ մասին հաղորդել է Թուրքայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն:
Թուրքական NTV հեռուստաընկերության եթերում Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան մտադիր է առաջիկայում ստեղծել համաձայնության միջազգային ընդարձակ պլատֆորմ: Նա նաեւ շեշտել է, որ Թուրքիան «հանդես է գալու հարեւան Սիրիայի դեմ ռազմական գործողություն անցկացնելու դեմ»:
Նրա կարծիքով, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը փորձում է ժամանակ շահել, բայց չի կատարում իր խոստումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ նախօրեին Էրդողանը հանդես էր եկել «նոր նախաձեռնության» նախապատրաստման վերաբերյալ հայտարարությամբ:
Նշենք, նաեւ, որ երկու օր առաջ Սիրիայի իրադրությունը Դմիտրի Մեդվեդեւի հետ քննարկելու ցանկություն էր հայտնել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, բայց Մեդվեդեւը «չի ցանկացել պատասխանել նրա զանգին»:



























