Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն The Economist պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ հույս ունի առաջիկա տասնամյակի ընթացքում «նվազեցնել» Իսրայելի կախվածությունը ամերիկյան ռազմական օգնությունից։
Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը չպետք է կախված լինի օտարերկրյա ռազմական օգնությունից, սակայն հստակ ժամկետներ չի նշել, թե երբ Իսրայելը լիովին անկախ կդառնա ԱՄՆ-ից։
«Ես ցանկանում եմ կրճատել ռազմական ծախսերը հաջորդ 10 տարիների ընթացքում»,- ասել է Նեթանյահուն հարցազրույցում։
Այն հարցին, թե արդյոք դա նշանակում է կրճատում «մինչև զրոյի», նա պատասխանել է՝ «Այո»։ Նեթանյահուն ասել է, որ վերջերս կատարած այցի ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է, որ Իսրայելը «խորապես» գնահատում է այն «ռազմական օգնությունը, որն Ամերիկան մեզ տրամադրել է տարիների ընթացքում, բայց այստեղ ևս մենք հասունացել ենք և զարգացրել ենք անհավանական ներուժ»։
Դեկտեմբերին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը 350 միլիարդ շեկել (110 միլիարդ դոլար) կծախսի անկախ ռազմական արդյունաբերության զարգացման համար՝ այլ երկրներից կախվածությունը նվազեցնելու նպատակով։
2016 թվականին ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարությունները ստորագրել են 10 տարի ժամկետով փոխըմբռնման հուշագիր (մինչև 2028 թվականի սեպտեմբեր), որը նախատեսում է 38 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, 33 միլիարդ դոլարի դրամաշնորհներ՝ ռազմական տեխնիկայի գնման համար և 5 միլիարդ դոլար՝ հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար։ Իսրայելական ռազմական արտահանումն անցյալ տարի աճել է 13%-ով՝ իսրայելական պաշտպանական տեխնիկայի, այդ թվում՝ առաջատար բազմամակարդակ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման շուրջ կնքված խոշոր պայմանագրերի շնորհիվ։





























