ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Reuters գործակալությանը հայտնել է, որ Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ լրացուցիչ պատժամիջոցները կարող են չեղարկվել արդեն հաջորդ շաբաթ՝ նավթի վաճառքը հեշտացնելու նպատակով։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ կհանդիպի Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ղեկավարների հետ՝ Վենեսուելայի հետ նրանց համագործակցության վերականգնման հարցով։

Բեսենթը հայտարարել է, որ ԱՄՀ-ի փոխառության հատուկ իրավունքների շրջանակում Վենեսուելայի՝ ներկայումս սառեցված գրեթե 5 միլիարդ դոլարի միջոցները կարող են օգտագործվել երկրի տնտեսության վերականգնման համար։

«Մենք հանում ենք պատժամիջոցները վաճառվող նավթից»,- ասել է Բեսենթը Winnebago Industries ինժեներական ձեռնարկություն այցի ժամանակ։ Ֆինանսների նախարարությունն ուսումնասիրում է այն փոփոխությունները, որոնք կհեշտացնեին նավթի վաճառքից ստացված հասույթի վերադարձը Վենեսուելա (նավթը հիմնականում պահվում է նավերի վրա)։

«Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց վերադառնալ Վենեսուելա, կառավարել պետությունը, անվտանգության ծառայությունները և այդ ամենը հասցնել վենեսուելացի ժողովրդին»,- նշել է նա՝ խոսելով Ֆինանսների նախարարության պատժամիջոցների վերլուծության մասին։

Հարցին, թե երբ կարող են չեղարկվել Վենեսուելայի դեմ լրացուցիչ պատժամիջոցները, Բեսենթը պատասխանել է, որ «դա կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ», սակայն չի հստակեցրել, թե հատկապես որոնք։ Այս քայլերը Թրամփի վարչակազմի ջանքերի մի մասն են՝ ամերիկյան նավթարտադրողների վերադարձը Վենեսուելա խրախուսելու համար։ Սա տեղի է ունենում այն բանից մեկ շաբաթ անց, երբ ամերիկյան զորքերը Կարակասում առևանգեցին Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին և տեղափոխեցին Նյու Յորք՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանք ներկայացնելու համար։

ԱՄՆ պատժամիջոցներն արգելում էին միջազգային բանկերին և այլ վարկատուներին փոխգործակցել Վենեսուելայի կառավարության հետ առանց լիցենզիայի։

Հաստատությունները դա անվանել են խոչընդոտ 150 միլիարդ դոլարի պարտքի բարդ վերակառուցման համար, ինչը շատերի կարծիքով Վենեսուելա մասնավոր կապիտալի վերադարձի գրավականն է։ Ուրբաթ երեկոյան նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որն արգելում է նավերին կամ վարկատուներին բռնագանձել ԱՄՆ գանձապետական հաշիվներում պահվող Վենեսուելայի նավթային հասույթը։ Նա հայտարարել է, որ այդ միջոցները պետք է պաշտպանված լինեն, որպեսզի օգնեն Վենեսուելային «խաղաղություն, բարօրություն և կայունություն» ստեղծել։