Նորվեգական Նոբելյան ինստիտուտը հայտարարել է, որ Խաղաղության նոբելյան մրցանակը չի կարող փոխանցվել, համատեղ օգտագործվել կամ չեղարկվել։ Սա տեղի է ունեցել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի այն հայտարարությունից հետո, թե ինքը կարող է 2025 թվականի իր մրցանակը հանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է Reuters-ը։
Ինստիտուտի հայտարարության մեջ նշվում է, որ մրցանակ շնորհելու որոշումը վերջնական է և անբեկանելի՝ հղում անելով Նոբելյան հիմնադրամի կանոնադրությանը, որը բողոքարկում թույլ չի տալիս։
Կազմակերպությունը նաև նշել է, որ մրցանակ շնորհող հանձնաժողովները չեն մեկնաբանում դափնեկիրների գործողությունները կամ հայտարարությունները մրցանակը ստանալուց հետո։
«Նոբելյան մրցանակը հայտարարվելուց հետո այն չի կարող չեղարկվել, բաշխվել կամ փոխանցվել այլ անձանց,- ուրբաթ հայտարարել են Նորվեգական նոբելյան կոմիտեն և Նորվեգական նոբելյան ինստիտուտը։- Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մնում ընդմիշտ»։
Երկուշաբթի Մաչադոն Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ մրցանակը Թրամփին հանձնելը երախտագիտության քայլ կլինի վենեսուելացի ժողովրդի կողմից՝ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնանկ անելու համար, որին անցյալ շաբաթ Միացյալ Նահանգները առևանգել էր։
Թրամփը, որը վաղուց հետաքրքրություն էր ցուցաբերում մրցանակի նկատմամբ և երբեմն այն կապում դիվանագիտական ձեռքբերումների հետ, ասել է, որ իր համար պատիվ կլիներ ընդունել պարգևը, եթե Մաչադոն այն առաջարկեր հաջորդ շաբաթ Վաշինգտոնում նախատեսված հանդիպման ժամանակ։
Մադուրոյին սատարող իշխանությունները Ազգային ասամբլեայի նախկին անդամ Մաչադոյին արգելել էին մասնակցել 2024 թվականին Վենեսուելայում կայացած համապետական ընտրություններին։ Նա աջակցել էր ընդդիմության մեկ այլ թեկնածուի, որը, արևմտյան երկրների կարծիքով, հաղթել էր ընտրություններում, թեև Մադուրոն հայտարարել էր իր հաղթանակի մասին։ Անկախ դիտորդների իրականացրած քվեաթերթիկների ստուգումը խախտումներ էր հայտնաբերել պաշտոնական արդյունքներում։