ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ «ինչ-որ պահի» կայցելի Վենեսուելա։

«Կարծում եմ՝ ինչ-որ պահի», - հունվարի 11-ի երեկոյան հայտարարել է ամերիկյան առաջնորդը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք նա կայցելի Վենեսուելա։ Թրամփը թղթակիցների հետ զրուցել է ինքնաթիռի մեջ՝ Ֆլորիդա նահանգից Վաշինգտոն վերադառնալու ճանապարհին, որտեղ անցկացրել էր հանգստյան օրերը Ուեսթ Փալմ Բիչի մոտակայքում գտնվող Մար-ա-Լագոյի իր կալվածքում։

Հունվարի 3-ին Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Հիլ Պինտոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն հարձակվել է Կարակասի քաղաքացիական և ռազմական օբյեկտների վրա։ Նա Վաշինգտոնի գործողությունները որակել է որպես ռազմական ագրեսիա։ Վենեսուելայում արտակարգ դրություն է մտցվել։ Ավելի ուշ Թրամփը հաստատել է այդ հարվածների մասին և հայտարարել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու նրա տիկնոջը ձերբակալելու և երկրից դուրս բերելու մասին։ Նրանք տեղափոխվել են ԱՄՆ և նրանց նկատմամբ դատավարություն է սկսվել Նյու Յորքում։ Թրամփը պնդել է, որ ԱՄՆ-ն իր վրա կվերցնի Վենեսուելայի ժամանակավոր կառավարումը։ Բացի այդ, ամերիկյան վարչակազմի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Վաշինգտոնը Կարակասից կհասնի ամերիկյան նավթային ընկերությունների համար փոխհատուցման։ Ինչպես խոստացել է Սպիտակ տան ղեկավարը, այդ ընկերությունները միջոցներ կհատկացնեն Վենեսուելայի նավթային ենթակառուցվածքների վերականգնման համար։