Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի կինը՝ Ֆիլիպ Կարսերան, որոշել է հրաժարվել կղզու բարեգործական կազմակերպություններից մեկի խորհրդի նախագահի պաշտոնից՝ պետության ղեկավարի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման ենթադրաբար անօրինական մեթոդների շուրջ սկանդալի ֆոնին։

«Վաղը տեղի կունենա Սոցիալական աջակցության անկախ գործակալության (AFKS) կառավարման կոմիտեի արտահերթ նիստը, որի ժամանակ ես կհայտնեմ այդ կոմիտեի կազմից դուրս գալու իմ որոշման մասին: Ոչ թե այն պատճառով, որ չեմ ցանկանում շարունակել օգնել երեխաներին, այլ որովհետև թույլ չեմ տա որևէ մեկին այսուհետ ևս արատավորել իմ բարոյականությունն ու ազնվությունը, ինչպես նաև ամուսնուս և ընտանիքիս բարոյական սկզբունքները՝ AFKS-ի գործունեության պատրվակով, որից կառավարման կոմիտեի և ոչ մի անդամ նույնիսկ չնչին անձնական օգուտ չի ստանում», - գրել է նա Facebook-ում:

Նախագահի կինն ընդգծել է, որ իր և իր ընտանիքի հանդեպ «առկա է նաև չարամիտ ու անհիմն մեղադրանքների հետագա տարածման և անդադար զանգվածային վերարտադրման ռիսկ, ինչն իրենից կներկայացնի զրպարտություն և մարդու իրավունքների խախտում»։ «Այն փաստը, որ ես Կիպրոսի Հանրապետության նախագահի կինն եմ, արդարացում կամ մեղմացուցիչ հանգամանք չէ այս անհիմն հարձակումների և մեղադրանքների համար»,- հավելել է Կարսերան։

Ավելի վաղ X սոցիալական ցանցում հայտնվել է մի տեսանյութ, որում կադրից դուրս ձայնը պնդում է, թե Քրիստոդուլիդիսը «իր քարոզարշավը ֆինանսավորել է անօրինական դրամական միջոցներով, որոնք քողարկվել են որպես նվիրատվություններ՝ 1 միլիոն եվրոյի սահմանաչափը շրջանցելու համար»։ Նա նաև հայտարարում է, որ «երբ նախագահին կանխիկ գումար է անհրաժեշտ լինում, նա զանգահարում է իր աշխատակազմի ղեկավար» Խարալամբոս Խարալամբուսին։

Համացանցում տեսահոլովակի հայտնվելուց հետո Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, նախարարի կարգավիճակ ունեցող Կոնստանտինոս Լետիմպիոտիսը հասկացնել է տվել, որ իշխանությունները նյութը կեղծ են համարում։