Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակումն ընդգծում է ՄԱԿ-ի բարեփոխման անհրաժեշտությունը՝ այս միջազգային կազմակերպության հեղինակությունն ու վստահությունը վերականգնելու համար: Նման կարծիք է հայտնել հոնկոնգյան South China Morning Post (SCMP) թերթը իր խմբագրական հոդվածում:

«ԱՄՆ-ի լայնածավալ ռազմական արշավը դեպի Վենեսուելա՝ երկրի նախագահին և նրա կնոջը ձերբակալելու նպատակով, նոր օրհասական սպառնալիք է կանոնների վրա հիմնված համաշխարհային կարգին: Վաշինգտոնը հարվածը բնութագրել է որպես օրենքի կիրառումն ապահովող գործողություն: Սակայն սա միջազգային իրավունքը խեղաթյուրող խախտում է և Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության հիմնարար սկզբունքների դեմ ոտնձգություն,- նշում է պարբերականը: «ՄԱԿ-ը պատասխանատվություն է կրում կանոնների պահպանման համար: Սակայն այն սոսկ կողմնակի դիտորդ է, որը չի կարողանում կանխել այս հարձակումը», - ընդգծվում է հոդվածում:

Պարբերականը նշում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը գումարվել է միայն ամերիկյան հրետակոծությունից հետո և էական արդյունքներ չի տվել: Միջազգային կազմակերպության միջամտության բացակայությունը կրկին կասկածներ է առաջացրել դրա արդիականության վերաբերյալ այսօրվա աշխարհաքաղաքական հակամարտությունների և լարվածության պայմաններում: Շատերը ՄԱԿ-ը համարում են «թղթե վագր»: «Մադուրոն առաջին առաջնորդն է, որը թիրախավորվել է, բայց, ամենայն հավանականությամբ, ոչ վերջինը: Թաքնված սպառնալիքներ են հնչել Կոլումբիայի, Կուբայի, Մեքսիկայի և Իրանի դեմ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հաստատել է իր ռեսուրսներով հարուստ ինքնավար դանիական կղզին՝ Գրենլանդիան բռնակցելու հարցում իր հետաքրքրությունը», - նշում է SCMP-ն:

Թերթն անհրաժեշտ է համարում կոլեկտիվ անվտանգության սկզբունքի վերականգնումը՝ հաշվի առնելով բոլորի համար առկա հետևանքները, այլ ոչ թե մեկ կողմի օգտին կատարված ընտրությունը։ ՄԱԿ-ը կատարյալ չէ, սակայն այն շարունակում է հարթակ տրամադրել վեճերի խաղաղ կարգավորման համար, ուստի կառույցը «պետք է վերականգնի հեղինակությունն ու վստահությունը՝ ապահովելով առաջարկվող բարեփոխումների հաջողությունը, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում փոփոխությունները։ Խորը տարաձայնությունների պայմաններում դա հեշտ չի լինի։ Պատասխանատու երկրները պետք է միավորվեն, որպեսզի ապահովեն միջազգային իրավունքի գերակայությունը և կոպիտ ուժի նկատմամբ դիվանագիտության հաղթանակը», - կարծում է պարբերականը։