Մարդու համար ի՞նչ տարբերություն այն որոշումը, որ ինքը համարում է, որ դա լեգիտիմ չի, մի ամսում են կայացրել, թե՞ վեց տարում։ Այս մասին այսօր՝ հունվարի 12–ին, «Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման գործնական կամ ընթացակարգային խոչընդոտները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բացարձակապես տարբերություն չկա։ Ամկախ ժամկետներից մարդու զգացողությունը դրանից չի փոխվելու, եթե ինքը իր ներսում չասի, որ գիտես ինչ, սա իմ պետության, իմ հաստատած իրավակարգի, իմ դեմ կայացրած որոշումն է, և հետևաբար սա իմ կայացրած որոշումն է իմ դեմ, որովհետև ես ինքս ինձ սահմանափակում եմ, որովհետև եթե ամեն մեկս մեզ չսահմանափակի, երկրում քաոս կսկսվի և պետությունը ընդհանրապես կվերանա։

Այս հարցերի պատասխանը մեզանում չկա և անդրադարձ չկա, որովհետև մեզ թվացել է, որ աշխատավարձի հարցը լուծենք, հարցերը կլուծվի։ Այն պահին, երբ աշխատավարձի հարցը պիտի լուծվեր, մտածում ենք, որ դա է պրոբլեմը, բայց այդ հարցը լուծելուց հետո տեսնում ես, ինչ-որ մի ուրիշ խնդիր ի հայտ եկավ։

Իմ առաջարկը ընդհանուր առմամբ հետևյալն է: Ժողովրդի և իրավակարգի օրգանական կապը պետք է հաստատվի, ժողովուրդը պետք է փաստացի ճանաչի իրավակարգի լեգիտիմությունը։

Արդարությունն ու արդարադատությունը առաջին հերթին զգացողություն է։ Մարդը, քաղաքացին, մենք բոլորս պիտի ունենանք այդ զգացողությունը, իսկ մենք չունենք այդ զգացողությունը։ Ես համոզված եմ, որ Հայաստանում մեծամասնությունը չունի այդ զգացողությունը։ Գոնե այս փուլում իմ եզրակացությունը այն է, որ մենք լեգիտիմության խնդիր ունենք, մենք ընդհանուր առմամբ իրավակարգի լեգիտիմության խնդիր ունենք»,– ընդգծեց Փաշինյանը։