Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մաո Նինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չպետք է օգտագործի այլ երկրների գործողությունները՝ Գրենլանդիայի նկատմամբ իր հավակնություններն արդարացնելու համար:
«ԱՄՆ-ն չպետք է օգտագործի այլ երկրներին՝ իր շահադիտական նպատակներն արդարացնելու համար»,- այսպես է նա մեկնաբանել Թրամփի այն խոսքերը, թե ԱՄՆ-ն մտադիր է վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի նկատմամբ, որպեսզի կղզին չհայտնվի Ռուսաստանի և Չինաստանի տիրապետության տակ:
Պեկինը պնդում է, որ անհրաժեշտ է «հարգել բոլոր երկրների իրավունքներն ու ազատությունները՝ Արկտիկայում օրինական գործունեություն ծավալելու համար»,- հավելել է Մաո Նինը:
Հունվարի 10-ին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այսպես թե այնպես՝ վերահսկողություն կհաստատի Գրենլանդիայի նկատմամբ, քանի որ հակառակ դեպքում այդ տարածքը կանցնի Ռուսաստանի և Չինաստանի հսկողության տակ: Թրամփի խոսքով՝ Գրենլանդիայի շրջակայքում հաճախ կարելի է տեսնել Ռուսաստանի և Չինաստանի նավերն ու սուզանավերը: «Մենք չենք ուզում, որ Ռուսաստանն ու Չինաստանը հայտնվեն Գրենլանդիայում»,- հայտարարել է նա:





























