Ֆրանսիայի զինված ուժերը սկսել են կամավոր զինվորական ծառայության անցնելու հայտերի ընդունումը և նախատեսում են մինչև սեպտեմբեր ընկած հյատվածում շուրջ 3 հազար մարդ հավաքագրել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենը։
«Այսօր՝ հունվարի 12-ին, մենք բացում ենք երիտասարդ կամավորների առաջին խմբի հավաքագրումը, ովքեր կհամալրեն մեր զինված ուժերի շարքերը։ Այս խմբի համար մենք կընտրենք 18-ից 25 տարեկան 3 հազար երիտասարդների և աղջիկների», - հայտարարել է նախարարը։
Նա հավելել է, որ 2026 թվականի հավաքագրումն իրականացվում է ավելի ուշ, քան նախատեսված կլինի հաջորդ տարիների համար, ինչի հետ կապված ներդրվել է հայտերի ներկայացման պարզեցված սխեմա՝ նախարարության կայքի, հատուկ հեռախոսահամարների կամ անձամբ հավաքագրման կետերի (CIRFA) միջոցով։ Հայտերի ընդունումը կտևի մինչև ապրիլ, թեկնածուների ընտրությունը կկատարվի բժշկական զննության արդյունքների, ինչպես նաև անհատական հարցազրույցի և անվտանգության ծառայությունների ստուգման հիման վրա։ Ծառայության մեկնարկը նախատեսված է 2026 թվականի սեպտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, իսկ ժամկետը կկազմի 10 ամիս։
«Ինչպես ենթադրում ենք, մեծ փորձ կամ գիտական աստիճան ունեցող յուրաքանչյուր հինգերորդ զորակոչիկը մասնագիտացված առաքելություններ կստանա ռազմավարական ոլորտներում։ Այդպիսի ոլորտներից մեկն անմիջապես գալիս է մտքիս և դա կիբեռնետիկան է», - հստակեցրել է նախարարը։ Իր հերթին, Ֆրանսիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ֆաբիեն Մանդոնը հստակեցրել է, որ ուսումնառությունն անցնելուց հետո նորակոչիկներին նախատեսվում է ներգրավել նաև տարերային աղետների հետևանքների վերացման, ինչպես նաև ահաբեկչության կանխարգելման ու դրա դեմ պայքարի առաքելություններում։ Բոլոր խնդիրները, որոնք դրվելու են նորակոչիկների առջև, ընդգրկում են բացառապես Ֆրանսիայի ազգային տարածքը՝ իր բոլոր անդրծովյան տարածքների հետ միասին։





























