Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հայր Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը, որը նույնպես միացել է Նիկոլ Փաշինյանի եւ եպիսկոպոսների «Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը», կարճ ժամանակահատվածում դիրքորոշումների ակնհայտ փոփոխություն է ունեցել․ իշխանություններին քննադատողի դիրքերից հանդես եկող քահանան անսպասելիորեն միացել է կաթողիկոսի դեմ իշխանությունների արշավին։

Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը «Ֆեյսբուքում» առանձնանում է քաղաքական ակտիվությամբ։ Նա նախկինում իր էջում բազմիցս կիսվել է Մայր Աթոռի հայտարարություններով, որոնք դատապարտում են իշխանությունների քաղաքականությունը եկեղեցու հանդեպ։ Ընդամենը ամիսներ առաջ նա տարածել է կարգալույծ հռչակված քահանային վերաբերող՝ Մայր Աթոռի հայտարարությունները։ Բացի այդ՝ մինչեւ այդ էլ կիսվել է «Սրբազան պայքարի» վերաբերյալ նյութերով, անգամ մի քանի ամիս շարունակ իր էջի գլխավոր լուսանկարը եղել է «Սրբազան պայքարի» լոգոն։ Ավելին՝ նա մասնակցել է ի աջակցություն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ցույցերին։  

Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը, սակայն, հրաժարվում է մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված իր դիրքորոշումներում փոփոխությունը։

NEWS.am-ը փաստերով հիմնավորված հարցեր էր ուղարկել նրան՝ մեկնաբանություն խնդրելով մի շարք դրվագներով, սակայն ի պատասխան մեր հարցերի՝ Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը նշել է հետեւյալը. «Կներեք, բայց հարցերի ոչ տալու կերպը, ոչ էլ ոճը իմ դուրը չի գալիս, ուստի ես չեմ ուզում այս հարցերին պատասխանել»։

Ստորեւ ներկայացնում ենք այն հարցերը,որոնք ուղղել էինք քահանային՝ տարակուսանք հայտնելով, թե ինչու նրան դուր չի եկել մեր ձեւակերպած հարցերի ոճը։

1. Ինչո՞ւ եք որոշել միանալ Կաթողիկոսի դեմ իշխանությունների արշավին։

2. Ինչո՞վ է պայմանավորված Ձեր տեսակետներում փոփոխությունը։ Ամիսների առաջ Դուք տարածում էիք հաղորդագրություններ եկեղեցու դեմ իշխանությունների հալածանքների մասին, իսկ այսօր կանգնել եք այն մարդկանց կողքին, որոնց փաստացի համարում էիք եկեղեցուն հալածողներ։

Image (1).jfif (183 KB)

Image (4).jfif (143 KB)

3. 2025 թվականի հոկտեմբերի 22-ին Ֆեյսբուքյան Ձեր էջում Դուք կիսվել եք գրառմամբ, որում քննադատություն է հնչում  կարգալույծ քահանայի արարքների, նրա կողմից պատարագի մատուցման վերաբերյալ։ Այսօր դուք փաստացի, այդ կարգալույծ քահանայի կողքին եք կանգնում։ Ինչո՞ւ։ Ինչպե՞ս այսքան արագ փոխվեց Ձեր դիրքրոշումը։

Image (3).jfif (187 KB)

4. Ավելին՝ Դուք ամիսներ առաջ նաեւ գրառումներով էիք կիսվում, որոնցով ակնհայտ աջակցություն էիք հայտնում կալանքի տակ հայտնված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Մենք Ձեզ տեսել ենք նաեւ ի աջակցություն նրա Նոր Նորքի դատարանի առջեւ կազմակերպված հավաքին։ Դուք դադարեցրե՞լ եք Ձեր աջակցությունը սրբազանին։

5. Շարունակո՞ւմ եք համարել, որ նա անարդարության զոհ է։ Եթե փոխել եք Ձեր կարծիքը, ապա խնդրում ենք ասել, թե ինչու։

6. 2024 թվականի մայիսի 31-ին դուք կիսվել էիք տեղեկատվությամբ, թե որքան հարկ է եկեղեցին 2024 թվականի առաջին կիսամյակում վճարել պետությանը եւ արել էիք նման գրառում՝ «Սա էլ մեր եկեղեցու դեմ սութասան եւ անբարո վայրահաչողներին` իբրեւ եկեղեցին հարկ չի վճարում, որպես ապացույց, թե ինչքան հարկ է վճարվել։ Ու սա դեռ առաջին եռամսյակի ցուցակն է»։ Եկեղեցուն հարկեր չվճարելու մեջ նույն տարվա մայիսի 21-ին մեղադրել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Փաստացի, Ձեր գրառման մեջ հիշատակվող «սութասան եւ անբարո վայրահաչողներ» խոսքերը ուղղված էին հենց նրան։ Ինչո՞ւ եք այսօր նրա կողքին կանգնել՝ Կաթողիկոսի դեմ դուրս գալով։

undefined.png (245 KB)

7. 2024 թվականի մայիսի 28-ին Դուք կիսվել էիք Մայր Աթոռի գրառմամբ այն մասին, որ ոստիկանները խոչընդոտել էին Վեհափառին այցը Սարդարապատի հուշահամալիր։ Կից գրել էիք՝ «Ահավասիկ նիկոլապաշտ-նիկոլազավր վիճակը մեր օրերում։ Տեսնես էս ոստիկանիկները գոնե հասկանում էին ինչ են անում, թե պարգեւավճարի ստրկաբարո պայքար էին մղում»։  Մեր երկրում այլեւս «նիկոլապաշտ-նիկոլազավր» վիճա՞կ չէ, երբ ոստիկանները նույնանման պատնեշով արգելում են գործող քահանայի մուտքը եկեղեցի, որպեսզի պատարագ մատուցի կարգալույծ հռչակված անձը։

undefined (1).png (344 KB)

8. Ձեր գործունեությանը հետեւողները անգամ չէին կարող ենթադրել, որ դուք կմիանաք Կաթողիկոսի դեմ պայքարին։ Դուք այդ քայլին ճնշումների հետեւանքո՞վ եք գնացել։

Image (2).jfif (125 KB)

9. Կան տեղեկություններ, որ մաքսանենգ գործունեություն եք փորձել ծավալել։ Մասնավորապես, ահազանգ կա  տարիներ առաջ տեղի ունեցած մի դեպքի մասին, ըստ որի Դուք ուխտավորների խմբին Երուսաղեմ տանելիս նրանց տվել եք ծխախոտի տուփեր եւ կոնյակներ, որպեսզի հետագայում դրանք իրացնեք Երուսաղեմում, սակայն օդանավակայանում այդ ապրանքները առգրավվել են։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունը։

Եպիսկոպոսների եւ Փաշինյանի նախաձեռնությանը միացել է շուրջ երկու տասնյակ քահանա։