ԱՄՆ իշխանությունները մտադիր են վերակազմավորել զինված ուժերի հրամանատարությունների համակարգը և միավորել դրանք ավելի խոշոր ստորաբաժանումների մեջ՝ ազգային անվտանգության ռազմավարությանը համապատասխան խնդիրներն առավել արդյունավետ իրականացնելու համար։ Միացյալ Նահանգների վարչակազմն ավելի շատ կենտրոնանում է Արևմտյան կիսագնդում տեղի ունեցող իրադարձությունների վրա և քիչ է հետաքրքրված այլ տարածաշրջաններով, մասնավորապես՝ Աֆրիկայով, հայտնում է The Intercept պորտալը։

Պարբերականի աղբյուրները հաստատել են ԱՄՆ ռազմական կառավարման ոլորտում սպասվող փոփոխությունների վերաբերյալ The Washington Post թերթի տեղեկատվությունը։ Դրանք կապված կլինեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքական կողմնորոշիչների հետ։ Դեկտեմբերին հրապարակված ազգային անվտանգության ռազմավարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ը մտադիր է «վերանայել գլոբալ ռազմական ներկայությունը՝ նպատակ ունենալով վերացնել հրատապ սպառնալիքները» Արևմտյան կիսագնդում։ Նաև Վաշինգտոնն այլևս չի ցանկանում զբաղվել այն տարածաշրջաններով, որոնց «հարաբերական կարևորությունը» նվազել է վերջին տասնամյակների ընթացքում։

ԱՄՆ ռազմական ղեկավարությունն այժմ պլանավորում է միավորել Հյուսիսային և Հարավային հրամանատարությունները Ամերիկյան հրամանատարության (AMERICOM) մեջ։ Մյուս երեք հրամանատարությունները՝ Եվրոպականը, Կենտրոնականը և Աֆրիկյանը, կմիավորվեն մեկ միասնական Միջազգային հրամանատարության մեջ։ Հնդկական-խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը կգործի առանձին։

Ինչպես պորտալին հայտնել է ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչը, հրամանատարության կառուցվածքի փոփոխությունները թույլ կտան արտերկրում «կարգավորել» ԱՄՆ գործողություններն և «վերակողմնորոշել» ուժերն ու միջոցները՝ ազգային անվտանգության ռազմավարության շրջանակներում խնդիրների կատարմանը։ Փաստաթղթում, ի թիվս այլնի, նշվում է, որ ԱՄՆ-ը «խուսափելու է Աֆրիկայում ցանկացած երկարաժամկետ ներկայությունից կամ [անվտանգության ապահովման] պարտավորություններից» և «Մերձավոր Արևելքի անվերջ պատերազմներից, որոնց մեջ [ԱՄՆ-ը] խրվել է»։