ԱՄՆ-ն փորձում է թաքցնել Արկտիկայում ռազմական էքսպանսիա իրականացնելու իր մտադրությունները՝ օգտագործելով այդ տարածաշրջանում առկա չինական սպառնալիքի մասին պնդումները և այդպիսով արդարացնել Գրենլանդիայի նկատմամբ հավակնությունները։ Այս մասին ասվում է Global Times թերթում հրապարակված խմբագրական հոդվածում:

«Այսպես կոչված չինական արկտիկական սպառնալիքի շուրջ ԱՄՆ-ի բարձրացրած աղմուկը, ըստ էության, հանրությանը մոլորեցնելու և սեփական ռազմական էքսպանսիան, ռեսուրսների միակողմանի յուրացումը և Արկտիկայում հեգեմոնիայի ձգտումը թաքցնելու փորձ է։ Հղում անելով «չինական սպառնալիքին»՝ ԱՄՆ-ն փորձում է արդարացում գտնել Գրենլանդիայի նկատմամբ իր հավակնություններին և շեղել ուշադրությունը իրական նպատակից՝ այն է՝ Գրենլանդիան վերածել Չինաստանի և Ռուսաստանի դեմ ռազմավարական առաջնագծային բազայի, որը կծառայի «Ամերիկան՝ ամենի ինչից առաջ» ծրագրի ռազմավարական շահերին։ Ոչ մի ապացույց չկա, որը կհիմնավորի «չինական տնտեսական կողոպտման» կամ «ռազմական ներկայության» մասին հայտարարությունները։ Ընդհակառակը, Չինաստանի կապիտալը, տեխնոլոգիաները, շուկաները, գիտելիքներն ու փորձը վերջին տարիներին կառուցողական դեր են խաղացել Արկտիկայի զարգացման գործում»,- գրում է պարբերականը։

Թերթը հիշեցնում է, որ աառը պատերազմի ժամանակ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը երկու խոշորագույն տերությունների՝ ԱՄՆ-ի և Խորհրդային Միության միջև ռազմավարական առճակատման «առաջնագիծն» է եղել։ Պարբերականը փաստում է, որ 21-րդ դարում Արկտիկան կրկին դարձել է անվտանգության համար մղվող աշխարհաքաղաքական պայքարի կենտրոն, ինչը չի կարող անհանգստություն չառաջացնել միջազգային հանրության շրջանում։

«2024 թվականին ԱՄՆ-ն հրապարակել է Արկտիկայի նոր ռազմավարությունը, որում չին-ռուսական համագործակցությունն Արկտիկայում դիտարկվում է որպես սպառնալիք, ինչն, ըստ էության, պատրվակ է ծառայում Արկտիկական տարածաշրջանում էքսպանսիայի համար։ Սա չափազանց բացասական է անդրադառնում Արկտիկական տարածաշրջանի անվտանգության և զարգացման վրա։ Դա խոչընդոտում է ոչ միայն կլիմայի և էկոլոգիայի պաշտպանությանը, այլև արկտիկական ռեսուրսների ու ծովային ուղիների յուրացման և օգտագործման ուղղությամբ մարդկության հավաքական ջանքերին»,- կարծում է Global Times-ը։